Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին երեկ Անկարայում Թուրքիայում արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է նաև տարածաշրջանային հարցեր։
Ըստ վրացական կողմի՝ Դարչիաշվիլին ու Ֆիդանը կարևորել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
Անդրադառնալով Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության ձևաչափին՝ կողմերը ընդգծել են, որ մարտին կկայանա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։ Թե որ երկրում, հաղորդագրությունում չի նշվում։ Այս ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:
Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են նաև Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը։ Այս համատեքստում նրանք նշել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև «Միջին միջանցքի» զարգացման կարևորությունը։
«Միջին միջանցքը» տրանսպորտային ուղի է, որը Չինաստանից՝ Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով պետք է հասնի Թուրքիա ու այնտեղից էլ Եվրոպա: