Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվեց շահագործման


«Մենք անիծում ենք Հայաստանի զավթողական քաղաքականությունը և նրա վերջին սադրանքները, որոնք չեն կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- մինչ Բաքու ժամանելն ասել է Թուրքիայի նախագահը:

Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են Թուրքիայի և Ղազախստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Վրաստանի և Ուզբեկստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլին և Աբդուլա Արիպովը։

«Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հաջողությամբ ավարտին հասցրեցին այս նախագիծը, մինչդեռ որոշները չէին հավատում դրան», - հանդիսավոր արարողությանը ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ նախագծի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն են դրսևորում հատկապես Կենտրոնական Ասիայի երկրները։

Վրաստանի վարչապետն էլ համոզմունք է հայտնել, թե նախագծի գոյությունը փոխելու է տնտեսական իրականությունը։ «Այսօր շահագործման է հանձնվում եվրասիական նոր կամուրջը, որն ամրապնդելու է տարածաշրջանի տրանսպորտային և առևտրային կարգավիճակը», - ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին։

«Այսպիսով մենք հայտարարում ենք Լոնդոնից մինչև Չինաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծման մասին», - Բաքու ժամանելուց առաջ ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը։

Նրա խոսքով՝ ներկայումս Չինաստանից մինչև Մեծ Բրիտանիա, ֆրանսիա, Գերմանիա և այլ եվրոպական երկրներ բեռների տեղափոխումը Հյուսիսային և Հարավային միջանցքնեով՝ ծովային ճանապարհը ներառյալ, տևում է 45-62 օր։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործմամբ այդ ժամկետը կկրճատվի մինչև 12-15 օր», - ասել է Էրդողանը։

Երեք հարևան երկրները՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանն այս երկաթգծի շինարարությունը սկսել են 10 տարի առաջ՝ 2007 թվականին։ Ծրագրից դուրս մնացած հարևան Հայաստանը մեկ տարի անց՝ 2008 թվականին հայտարարեց Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։

Անցած տասը տարիներին Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները տնտեսական և էներգետիկ մի շարք այլ համատեղ նախագծերին զուգահեռ կառուցեցին շուրջ 105 կիլոմետր նոր երկաթուղի Թուրքիայի և Վրաստանի տարածքում, ինչպես նաև արդիականացրեցին արդեն իսկ գոյություն ունեցող գծերը. խոսքը թե՛ երկաթգծի՝ Բաքու-Թբիլիսի, թե՛ հայաբնակ Ջավախքով անցնող Ախալքալաք-Մարաբդա հատվածների մասին է:

Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչն է։

«Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարությունը, որը հայտնի է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվամբ, կոչված է ընդլայնելու Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ՝ Շանհայից մինչև Բեռլին:

Հաղորդվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման կապակցությամբ Բաքու ժամանած առաջնորդներն առանձին հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահի հետ: Վաղը կայանալիք հանդիպմանը Իհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը, այլ հրատապ խնդիրների թվում, քննարկելու են նաև ղարաբաղյան հակամարտությունը:

Թուրքիայի առաջնորդը մինչ Բաքու ժամանելը հայտարարել էր՝ ղարաբաղյան հիմնախնդիրը արյունահոսող վերք է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի համար: «Մենք անիծում ենք Հայաստանի զավթողական քաղաքականությունը և նրա վերջին սադրանքները, որոնք չեն կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ասել էր Թուրքիայի նախագահը՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հարցում Անկարան աջակցում է Ադրբեջանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG