«Գազայի խնդրում Անկարան պատրաստ է համագործակցել Եգիպտոսի հետ», - այսօր Կահիրեում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Մենք շարունակելու ենք համագործակցել մեր եգիպտոսցի եղբայրների հետ՝ համերաշխորեն փորձելով վերջ տալ Գազայում շարունակվող արյունահեղությանը։ Միջնաժամկետ կտրվածքով մենք պատրաստ ենք աշխատել Եգիպտոսի հետ միասին՝ Գազայի վերականգնման ուղղությամբ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանի այս հայտարարությունները հնչել են Կահիրե նրա պաշտոնական այցի ընթացքում։ Սա Թուրքիայի ղեկավարի առաջին այցն է Կահիրե 2012 թվականից ի վեր։ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները սրվել էին 2013-ի ամռանը տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, որի հետևանքով պաշտոնանկ էր արվել Եգիպտոսի առաջին քաղաքացիական նախագահ, իսլամիստ Մոհամադ Մորսին։