ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ՝ քննարկելու լրտեսության մեղադրանքով անցած շաբաթ ձերբակալված Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչի շուրջ ստեղծված իրավիճակը։
ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ ամերիկացի դիվանագետի հետ հանդիպմանը Ռյաբկովն ընդգծել է լրագրողին առաջադրված մեղադրանքի լրջությունը։ Դիվանագետների հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անցած կիրակի ռուսաստանցի պաշտոնակցին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Գերշկովիչին և ռուսական բանտում գտնվող մեկ այլ ամերիկացի Փոլ Ուելանին։
Գերշկովիչը Եկատերինբուրգում ձերբակալվել է մարտի 30-ին, նույն օրը Մոսկվայի դատարանը նրան մինչև մայիսի 29-ը կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։
Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, թե նա, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում լրագրողին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Գործընկերների խոսքով՝ լրագրողը Եկատերինբուրգ էր մեկնել` հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին` Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Քիրբին անցած օրերին հայտարարել է, որ Վաշինգտոնը գործադրում է բոլոր ջանքերը The Wall Street Journal-ի թղթակցին ազատելու ուղղությամբ։