Մատչելիության հղումներ

Վոլգոգրադում անօդաչուի հարվածից նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել


Ռուսաստան - «Լուկոյլ» ընկերության գործարանը Վոլգոգրադում, արխիվ
Ռուսաստան - «Լուկոյլ» ընկերության գործարանը Վոլգոգրադում, արխիվ

Վոլգոգրադում անօդաչու թռչող սարքի հարվածից տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին հրդեհ է բռնկվել «Լուկօյլ» նավթավերամշակման գործարանում։ Այն մարվել է առավոտյան ժամը 8-ին:

Վոլգոգրադի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ նավթամթերքից այրվել է 300 քառակուսի մետր տարածք: Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հրդեհի պատճառը խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն են եղել: Զոհեր չկան։

Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը խոշորագույններից մեկն է Ռուսաստանում։ Այն արտադրում է բենզին, դիզելային, ավիացիոն և նավերի վառելիք։

Փետրվարի լույս 3-ի գիշերը Ռուսաստանի ռազմական և քաղաքացիական իշխանությունները հայտնել են Վորոնեժի, Բելգորոդի և Ռոստովի շրջանների վրա անօդաչու թռչող սարքերի գրոհի մասին:

Ըստ ռուսական իշխանությունների, ԱԹՍ է ոչնչացվել Վորոնեժ քաղաքին մոտենալիս։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղում զոհեր և ավերածություններ չկան»,- գրել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտնել է խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Ըստ նրա՝ տուժածներ չկան, բեկորների անկման հետևանքով կոտրվել են մի տան ապակիները, վնասվել են տանիքը, ճակատը, պարիսպը և մոտակայքում կայանված ԿԱՄԱԶ բեռնատարը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ չորս անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի շրջանում, երկուսը՝ Վոլգոգրադի, և մեկը՝ Ռոստովի մարզում։

Գերատեսչությունը հարձակումն անվանել են «ահաբեկչական» և դրա համար մեղադրել Ուկրաինային։ Կիևն այս թեման չի մեկնաբանել։

XS
SM
MD
LG