Հյուսիսային Կորեան շաբաթ օրը հաղորդել է նոր տեսակի զենիթային հրթիռ և թևավոր հրթիռի «գերխոշոր» մարտագլխիկ փորձարկելու մասին: Հարավային Կորեայում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի զինվորականները կրկնօրինակել են ռուսական տեխնոլոգիաները։
Փհենյանը 2021 թվականից ի վեր առաջին անգամ է հայտարարում այդ տեսակի սարքավորումների փորձարկումների մասին։
Հարավկորեացի մի զինվորական, որին մեջբերում է Yonhap գործակալությունը, ենթադրել է, որ խոսքը S-300 և S-400 համալիրների՝ Pongae-5 և Pongae-6 հրթիռների կրկնօրինակի մասին է, որոնք մշակվել են ռուսական կողմի օգնությամբ։
Ուկրաինայի պատերազմի ֆոնին Մոսկվան ընդլայնել է համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ՝ Փհենյանից ստանալով հրետանային արկեր և հրթիռներ, այդ թվում՝ մարտավարական հրթիռային համակարգեր։
Փհենյանի կողմից հրապարակված փորձարկման լուսանկարները ցույց են տալիս, որ թևավոր հրթիռը թռչում է ցածր բարձրության վրա, հարվածում շենքին և պայթում:
Հարավային Կորեայում Yonhap լրատվական գործակալությունը հաղորդել է, որ արձակումները գրանցվել են ուրբաթ օրը տեղական ժամանակով ժամը 11-ին:
Գործակալության հետ զրուցած հարավկորեացի զինվորականը նշում է, որ ԿԺԴՀ-ն, ամենայն հավանականությամբ, կհայտներ, եթե հրթիռը նախագծված լիներ միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու համար:
«Քանի որ հաղորդագրություն չի եղել, ամենայն հավանականությամբ, խոսքը միջուկային զենքի մասին չէ», - ենթադրել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, «գերխոշոր» մարտագլխիկը կարող է օգտագործվել միջուկային զենքի տեղակայման համար: