Մատչելիության հղումներ

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ իշխանական պատգամավոր


Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը, հավելելով, որ Հայաստանն այն վերջերս է ստացել։ Թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը, Մելքոնյանը տեղյակ չէր, միայն նշեց, որ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։

«Մեր պարտքի շրջանակներում մի խմբաքանակ տվել են», - ասաց նա։

Այն, որ Ռուսաստանը սկսել է զենքի մատակարարումը Հայաստանին, օրերս Հանրայինի եթերում ասել էր նաև խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատասխանելով հարցին, թե նախապես պատվիրված ռուսական զենքը Հայաստանը ստանո՞ւմ է, Անդրանիկ Քոչարյանն ասել էր. - «Տալիս են, այո, ինչ-որ բան, այն ծավալով չի, ինչ որ մենք ակնկալում ենք մեր կնքած պայմանագրերի ծավալի և լոգիստիկ տեղաշարժի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, ես համոզված եմ»։

Թե Հայաստանը երբ, ինչ խմբաքանակով և ինչ տեսակի զենք է ստացել Ռուսաստանից, Պաշտպանության նախարարությունից այսօր հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

Ռուսաստանի կողմից զենքի և սպառազինության մատակարարման պարտավորությունը չկատարելու մասին վարչապետ Փաշինյանը վերջին անգամ խոսել էր անցած նոյեմբերին։ Նա ասել էր, որ քննարկումներ են ընթանում ռուսական կողմի հետո՝ խնդիրը լուծելու համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից շաբաթներ անց՝ դեկտեմբերին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, թե Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարվկում: Արդյոք խոսքը զենքի մատակարարման նոր պայմանագրի կնքման, թե նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է՝ դեսպանի չէր մանրամասնել։

Ռուսաստանի հետ ունեցած զենքի մատակարարման պայմանագրերը թարմացվում են. ԱԽ քարտուղար

Սակայն, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս Հանրայինի եթերում պնդեց՝ ռուսական կողմի հետ բանակցությունները չմատակարարված զենքի մասին են, և նոր համաձայանգրեր չեն կնքվում. - «2021 թվականից սկսած Հայաստանը բազմաթիվ պայմանագրեր է ունեցել Ռուսաստանի Դաշնության հետ, որոնք չեն մատակարարել, և պայմանագրային պարտավորությունները ՌԴ-ն չի կատարել։ Այդ պայմանագրերի մասին բանակցություններ են ընթանում, գոյություն ունեցող պայմանագրերը, շրջանակները թարմացումներ են կատարվում, վերաբանակցում ենք, կարող է այն ժամանակ պայմանական չորս միավոր ենք ուզել, հիմա երկուսն ենք ուզում»։

Թե կոնկրետ ինչ պայմանավորվածությունների արդյունքում է պատերազմող Ռուսաստանը սկսել զենքի մասնակի մատակարարումները, պարզ չէ։ Ի՞նչ փոխվեց, արդյոք սա զուտ քաղաքական որոշում էր, թե՞ ոչ։

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ ռուսական զենքի մատակարարումների խնդիրը գլխավորապես կապված է ուկրաինական պատերազմի հետ։ Պատգամավորը շեշտում է՝ Հայաստանից բացի, կան այլ երկրներ ևս, որոնց նկատմամբ Ռուսաստանը իր պարտավորությունները չի կատարել։

«Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը, այնուամենայնիվ, պայմանավորված է նրանով, որ այն հիմնական միջոցները, միավորները, որոնց կարիքն ուներ Հայաստանը, և որոնք պատվիրել էին, այնպիսի միջոցներ էին, որ շատ էֆեկտիվ և գործուն էին նաև ուկրաինական ճակատում», - ասաց նա։

Ռուսաստանն արտադրում է զինատեսակներ, որոնք շատ կարևոր են օդը փակելու տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններն այսօր էլ ինտենսիվորեն շարունակվում են, ինչպե՞ս ստացվեց, որ այսօր արդեն այդ երկիրը կարողանում է սպառազինություն մատակարարել, Տիգրան Աբրահամյանն ասում է. - «Ռուսաստանն այդ պատերազմից ի վեր բավականին մեծացրել է արտադրողականությունը, այն հիմնական ռազմաարդյունաբերական ընկերությունները, որոնք աշխատում են, շատերը 2-3 անգամ մեծացրել են արտադրության ծավալները, որոնք կային, երկրորդը՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, թե կոնկրետ իրավիճակում ինչ զինատեսակներ և միջոցներ են առաջին պլանում։ Օրինակ՝ որ խոսում եք ինտենսիվության մասին, այս պահին ավելի շատ ասպարեզում են «տարբեր նշանակության հրթիռները»՝ ճշգրիտ, գերճշգրիտ հրթիռները, որոնք այս պահին բավականին խոշոր խնդիրներ են լուծում ուկրաինական ճակատում»։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասում է՝ այսօր կան մեծ թվով միջոցներ, որոնք ռուսական ռազմաարդյունաբերությունը արտադրում է, և դրանք պաշտպանական և մարտական խնդիրների կատարման առումով կարևոր են Հայաստանի համար, այդ զինատեսակները նաև կարող են կարևոր դեր կատարել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության ապահովման համար։

«Առաջին հերթին խոսքը ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության, հակատանկային միջոցների մասին է նաև, այսինքն՝ համակարգեր են, որոնք շատ չարչրկված՝ օդը փակելու տեսանկյունից շատ կարևոր են», - նկատեց նա։

Ըստ բաց աղբյուրների՝ Հայաստանը զենք է գնում նաև Հնդկաստանից, անցած տարի նաև Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքեց, ըստ որի Ռադարներ ու հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG