Երկրորդ օրն անընդմեջ իրականացվող օդային հարվածներին զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի այս գործողությունները Եմենում որակել է որպես՝ «պայքար ահաբեկչության դեմ»՝ նշելով նաև, որ հութիներին աջակցող Իրանը չի ցանկանում էլ ավելի սրել իրավիճակը։
«Եթե հութիները շարունակեն իրենց վրդովեցուցիչ պահվածքը, մենք վստահորեն կրկին կարձագանքենք։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրանք մեզ հետ պատերազմելու ցանկություն չունեն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ դրական պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք ինքը կարող է եմենցի զինյալներին ահաբեկիչ անվանել։
Բայդենի խոսքով՝ Եմենին հասցված ամերիկյան և բրիտանական հարվածների գլխավոր հաջողությունն այն է, որ դրանց ընթացքում հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական զոհերից։