Էներգետիկ խարտիայի շրջանակներում Ադրբեջանի ներկայացրած իրավական պահանջները անհիմն են, հայտարում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ նշելով, որ արբիտրաժային վարույթի պատեհ փուլում Հայաստանն իր փաստարկները կներկայացնի։
Երեկ հայկական կողմը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը։
Բաքուն 2023-ի փետրվարի 27-ին հայտնեց, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ՝ պնդելով, թե 1991 թվականից մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանը «անօրինականորեն շահագործել է Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը, գրավյալ տարածքներում 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ է կառուցել՝ արտադրված էլեկտրաէներգիան արտահանելով Հայաստան։ Բաքուն նաև նշել է, որ «Հայաստանը անօրինականորեն շահագործել է «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև ապամոնտաժել է Եվլախ-Նախիջևան գազատարը», ինչի հետևանքով ինքնավար հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է։
Բաքուն պահանջել է, որ Հայաստանը խոշոր գումար փոխհատուցի՝ շուրջ 30 տարի «Ադբրեջանի տարածքում էներգետիկ ռեսուրսները անօրինականորեն շահագործելու համար»։
Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել, այն ժամանակ հայտարարել էր ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Երկու երկրերը միջազգային պայմանագրին միացել են մոտ քսան տարի առաջ՝ պարտավորվելով ապահովել էներգետիկ շուկայի անվտանգությունը, ներդրողերի իրավունքները։ Ըստ այդ պայմանագրի, կողմերի միջև վեճերը պետք է լուծվեն արբիտրաժային դատարանում։
Բաքուն նշում է, որ վեճերը լուծելու համար արբիտրաժային դատարան է դիմել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական բանակցությունների մի քանի փուլերի ձախողումից հետո։ Վճիռը կկայացնի երեք դատավորներից բաղկացած արբիտրաժը։