Մատչելիության հղումներ

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի. Ալիև


Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

«Այդ դեպքում նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը, նշելով՝ ինչ պայմաններ է պահանջում Բաքուն այդ ճանապարհի համար. - «Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների»։

Անցած շաբաթ էլ նույնը Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր ասել գերմանական թերթերից մեկի հետ զրույցում, պնդելով, թե Բաքուն, նման պահանջ դնելով, հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության վրա, որի 9-րդ կետն ասում է, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ տեղաշարժ ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»։

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:

Հայտարարության ադրբեջանական կողմի համար «շահեկան պայմաններով ընդունմանը նպաստել է Շուշիի ազատագրումը». Ալիև

«Եռակողմ հայտարարության ընդունումն այն տեսքով [որով ստորագրվեց], մեր մեծագույն քաղաքական հաջողությունն էր», - շարունակել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության ադրբեջանական կողմի համար «շահեկան պայմաններով ընդունմանը նպաստել է Շուշիի գրավումը»։

«Եթե Շուշին օկուպացիայից չազատագրվեր, մենք, իհարկե, չէինք կարողանա այդ պայմանները ներառել հայտարարության տեքստում։ Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, հնարավորություն ստեղծեցին, որ մենք ներառենք պայմաններ, որոնք չէին վերաբերում [Ղարաբաղի] խնդրին, մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր», - ասել է Ալիևը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մասին, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց՝ նա նշել է, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանում նոր դարաշրջան է մեկնարկել։

«Արդարությունը հաղթեց, մենք ավարտին հասցրեցինք մեր ճշմարիտ գործն, ու ինքներս վերականգնեցինք արդարությունը», - շեշտել է Ալիևը՝ հավելելով, - «Ցավոք սրտի, միջազգային հանրության հիմնական դերակատարները մեր այդ կարծիքրը չկիսեցին։ Հակառակը՝ մեզ փորձում էին մեղադրել, փորձում էին մեր դեմ տարատեսակ ճնշումների մեխանիզմներ գործարկել»։

Ադրբեջանի նախագահը միջազգային ասպարեզում Բաքվի գործողությունները «դիվանագիտական պատերազմ» է որակել։

Ադրբեջանը չի ընդունում խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքները ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը

Անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին՝ Ալիևը պնդել է, թե չի ընդունում դրա միջազգային երաշխիքները ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։

«Փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ գլխավոր պայմաններն այժմ ստեղծված են։ Հայաստանն ուզում է, որ այդ խաղաղության պայմանագիրը երաշխիքներ ունենա։ Մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա»,- ասել է Ալիևը, ընդգծելով, թե այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն երկու ինքնիշխան երկրների առաջնորդները։

«Մեզ պետք չեն երաշխավորներ։ Եթե երկկողմ ձևաչափով ստորագրվի, կստորագրվի։ Եթե ինչ-որ մեկն ուզում է օգնել, մենք դեմ չենք, բայց այդ օգնությունը չպետք է պարտադրված լինի», - ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ պետք է ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ, ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր պնդել, հավելելով, որ Հայաստանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ 3 հիմնական սկզբունքի հիման վրա խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Առաջին սկզբունքով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկրորդն Ալմա-Աթայի հռչակագիրն է, որ «պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար», նշել էր Փաշինյանը։ Երրորդն էլ՝ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն՝ սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության հիման վրա։

XS
SM
MD
LG