Արցախում լիակատար վերահսկողություն սահմանելուց ավելի քան 3 ամիս անց Բաքուն ընդգրկվել է պաշտոնական Վաշինգտոնի Կրոնական ազատության դիտարկման ցանկում։ Պետքարտուղարությունը համարում է, որ Ալիևի վարչակազմը ներգրավված է կրոնական ազատության լուրջ խախտումներում կամ հանդուրժում է դրանք։
«Կառավարությունները պետք է վերջ տան այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունը և խաղաղ արտահայտվելու համար երկարատև բանտարկությունը, անդրազգային ճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը, ի թիվս այլ խախտումների, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր վայրերում», - հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ավելի վաղ պաշտոնական Վաշինգտոնը հրապարակել էր Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի ամենամյա զեկույցը, դրանում մտահոգություններ կային Արցախում քրիստոնեական սրբավայրերի պահպանման վերաբերյալ։
Զեկույցում հղում էր արվել Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությանը։ Ամերիկացի հետազոտողների խումբը արբանյակային պատկերներով արձանագրել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։ Ամենամյա փաստաթղթի հեղինակները հիշեցրել էին՝ հայկական հուշարձաններից հայկական հետքը վերացնելու մասին Բաքուն անթաքույց՝ պետական մակարդակով է խոսում։
Պետքարտուղարության զեկույցում շեշտվել էր նաև, որ Ադրբեջանում կրոնական ազատությունները 2022-ին բացասական միտում են ունեցել, Բաքվի վարչակազմը շարունակել է վերահսկել կրոնական կազմակերպությունների գործունեությունը, միջամտել նրանց գործերին։
«2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո, երբ տոտալ հայաթափվեց Արցախը, վանդալային դեպքերը սկսեցին հատկապես շատ գրանցվել Ասկերանում, Ստեփանակերտում», - ասում է Monument Watch-ի կազմակերպիչ Հայկուհի Մուրադյանը։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch անկախ խումբը, այդ թվում Քորնելի համալսարանի գործընկերների հետ միասին միայն վերջին ամիսներին Արցախում հայկական հուշարձանների վնասման, վանդալիզմի, տասնյակ դեպքեր է արձանագրել. - «Վերջին նմանատիպ համագործակցության արդյունքում գրված ահազանգը Շուշիի գերեզմանոցների ավերման մասին արբանյակային լուսանկարն է, այսինքն՝ մենք ունենք հստակ փաստող արբանյակային լուսանկարներ, որը տրամադրվում է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch-ի կողմից»։
Ադրբեջանը հայկական եկեղեցիները ապահայկականացան քաղաքականություն են վարում. պատմաբան
Հայկական եղեղեցիներն ապահայկականացման քաղաքականություն են վարում Ադրբեջանի իշխանությունները, պնդում է Արցախում տարիներ շարունակ ուսումնասիրություններ իրականացրած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Նա շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո այդ քաղաքականությունը Բաքուն հիմա էլ շարունակում է Ստեփանակերտում, Ասկերանում ու մյուս քաղաքներում։
«Կրոնական ազատությունների տեսակետից շատ ավելի կարևոր է Ադրբեջանի քաղաքականության այն սլաքը, որ ուղղված է հայկական սրբավայրերը ապահայկականացնելու քաղաքականությանը։ Սա ամենադաժան ու ծանրն է։ Պատկերացրեք՝ Գանձասարի վանքը, Դադիվանքը, Գտչավանքը, որ հազարավոր տարի եղել են հայերի սրբազան կենտրոնները, Ադրբեջանը հայտարարում է ոչ հայկական», - շեշտեց նա։
Գիտնականն ասում է՝ այս պահին տարբեր հաշվարկներով Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Ըստ Համլետ Պետրոսյանի՝ դրանց չնչին մասն է մահմեդական. - «Այդ հուշարձանների մոտավորապես 15-20 տոկոսը վերաբերում է մինչքրիստոնեական ժամանակաշրջանի։ Դա սկսում է հին քարե դարից, հատկապես շատ հարուստ են բրոնզեդարյան և երկաթեդարյան հուշարձանները, չեմ խոսում անտիկ հուշարձանների մասին. Արցախի Տիգրանակերտը, որ էտալոն է, և մոտավորապես մի 60-65 տոկոսը միանշանակ քրիստոնեական հուշարձաններ են, և մոտավորապես գուցե 1.5 տոկոս կազմում են մահմեդական հուշարձանները, որոնք Արցախի տարածքում հայտնվել են 14-րդ դարի սկզբներից կամ կեսերից սկսած»։
Ադրբեջանն, իր հերթին. տարիներ շարունակ հայկական կողմին է մեղադրում վանդալիզմի համար։ Բաքվի վարչակազմն անգամ պնդում է, թե հայերը աղվանական եկեղեցիները պղծել ու հայկականացրել են, չնայած դրանցում եղած հայերեն արձանագրություններին։