Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս են Հայաստանում արված կադրերը հայտնվել ադրբեջանական քարոզչական ֆիլմում


Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը
Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը

Վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանն այժմ փորձում է ամերիկյան ընկերությունից և աշխարհի տարբեր երկրներում նկարահանումների անձնակազմ գտնող միջազգային հարթակից պարզել՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ուրարտուի մասին պատմական ֆիլմի համար արված իր նկարահանումները հայտնվել են ադրբեջանական քարոզչական ֆիլմում: Դեռ պատասխան չկա:

Ադրբեջանական CBC ալիքը հունվարի երկուսին 37-րոպեանոց ֆիլմ է հրապարակել: Դրանում Երևանը ներկայացնում է իբրև ադրբեջանական քաղաք, որտեղ իբր վերացվում է ադրբեջանական հետքն ու թուրքական մշակույթը: Ուշագրավ է, որ ֆիլմում բացի ադրբեջանցիներից, խոսում են նաև երևանցիներ, նկարահանումներ են արված Երևանի կենտրոնում, Էրեբունու պատմահնագիտական և Սիսիանի թանգարաններում, ֆիլմում խոսում են նաև այդ թանգարանների տնօրենները, կան նաև դրոնով նկարված կադրեր:

Ֆիլմի վերնագիրը և նկարագրությունը տպավորություն են ստեղծում, որ ադրբեջանական СВС հեռուստաընկերության դրոնն է կադրեր նկարել և ադրբեջանական լրագրողական խումբն է նախապես ծրագրել և զգուշորեն, առանց լրացուցիչ ուշադրություն գրավելու, նկարահանումներ կատարել:

Ազգային անվտանգության ծառայությանն այս մասին հարցում ենք արել, հորդորել են հարցը գրավոր ուղարկել:

Այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ ադրբեջանական ֆիլմի համար նկարահանումները կատարվել են դեկտեմբերի սկզբին: Դրանց մի մասը դեկտեմբերի 2-ին իրականացրել է վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, առանց իմանալու, որ իր նկարահանած նյութը հետագայում հայտնվելու է ոչ թե Ուրարտուի մասին պատմող ամերիկյան պատմական դոկումենտալում, այլ ադրբեջանական քարոզչական ֆիլմում:

Ֆեյսբուքում Գրիգորյանը պարզաբանող գրառում է արել, նշելով, որ աշխարհի տարբեր երկրներում նկարահանումների անձնակազմ որոնող worldfixer հարթակի միջոցով իր հետ կապ է հաստատել ամերիկյան No Frontiers LLC կազմակերպությունը:

Ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը գրել է, որ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշար են ստեղծում, և որ ֆիլմերից մեկը վերաբերելու է Ուրարտուին, այդ պատճառով ցանկանում են հարցազրույց «Էրեբունի» թանգարանի տնօրենի հետ:

Արդյունքում ծավալուն հարցազրույցից մի փոքր հատված՝ 30 վայրկյան, որում շոշափվում էր ոչ թե Ուրարտուն, այլ Հանրապետության հրապարակի պեղումների թեման, հայտնվել է ադրբեջանական ֆիլմում:

Էրեբունու թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի՝ Ադրբեջանական ֆիլմում օգտագործված խոսքը բովանդակային որևէ կապ չունի ֆիլմի և նրանում ներկայացված թեզերի հետ:

«Փաստորեն, նման խաբեությամբ հսկայական նկարահանումներ են կատարվել. այդ ֆիլմում իմ կողմից նկարահանված նյութերից են Էրեբունու թանգարանում արված կադրերը, վերջում օգտագործված 4-5 դրոնի կադր: Մնացած նյութն ինձ անծանոթ է: Ես սարսափելի ցավում եմ տեղի ունեցածի համար և համարում եմ, որ պետք է ավելի ուշադիր ու զգուշավոր լինեի, քանի որ իմ մասնագիտությունը լայն դաշտ է ստեղծում նման խաբեությունների ու մանիպուլյացիաների համար» - Ֆեյսբուքում գրել է Սեդա Գրիգորյանը:

Իսկ Սիսիանի թանգարանում նկարահանումները, պարզվում է, կատարվել են դեկտեմբերի 9-ին, թանգարանի տնօրեն Թաթուլ Սյունին փոխանցեց, որ Սերգեյ ներկայացած ռուս լրագրող է այցելել՝ երկու հոգուց բաղկացած նկարահանող խմբով, ասել, որ հետաքրքրված են թանգարանով, և հարցազրույց վերցրել իրենից:

Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ստեփան Աստուրյանն ասում է՝ Հայաստանում չեն ընկալում, թե որքան խորն ու համակարգված է Ադրբեջանն աշխատում՝ պետական մակարդակով առաջ մղելու հայատյաց թեզերը:

«Ադրբեջանական ազգայնականության բնույթը հիմնականում հիմնված է հայատյացության վրա, գիտեմ, որ բազմաթիվ հոդվածներ եղան, բայց խորքը այդ հայատյացության դեռ չի ըմբռնվել, մարդիկ շեշտում են այն, ինչ որ հանրային է կամ կոպիտ է, բայց մի ամբողջ մեքենա կա՝ պատմաբանների, հնագետների, մարդաբանների, որոնց գործն է, պետականորեն համակարգված, հերքել հայերի ներկայությունը պատմականորեն Հարավային Կովկասում, ձևացնել, որ իրենք այստեղ էին վաղուց ի վեր, հայերը եկվորներ են և այլն: Շատ հետաքրքիր երևույթ է, որովհետև այդ խոսքերը, որ ասվում էին իրենց մասին 90-ական թվականներին, որ նորեկներ են, ինքնություն չունեն, պետական մեքենայի գործունեությամբ հայելային ձևով վերադարձնում են», - նշեց Աստուրյանը:

Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական մեդիայում ու սոցցանցերում իբր ադրբեջանցու կողմից Երևանում նկարահանված կադրեր են հայտնվում:

Նախորդ դեպքը դարձյալ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին էր, նույն այն օրերին, երբ ադրբեջանական քարոզչական ֆիլմի համար նյութ էր հավաքվում: Դեկտեմբերի 6 -ին ադրբեջանցի քաղաքագետ Թելման Գասիմովն էր հայերենով տեսանյութ տարածել, որում պնդում էր, թե եղել է իր ծննդավայր Երևանում, այցելել իրենց շենքի բակ, անգամ բարձրացել 5-րդ հարկ՝ իր նախկին բնակարան։

ԱԱԾ-ն, սակայն, պարզել էր՝ տեսանյութը նոր չէ, Ադրբեջանի քաղաքացին Երևանում չի եղել, այդ կադրերը այլ մարդ է նկարահանել և ուղարկել Ադրբեջան դեռ 6 տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG