Ադրբեջանցի քաղաքագետ Թելման Գասիմովը գրագետ հայերենով տեսանյութ է տարածել, պնդում է, թե եղել է իր ծննդավայր Երևանում, այցելել իրենց շենքի բակ, անգամ բարձրացել 5-րդ հարկ՝ իր նախկին բնակարան։
Մեկուկես րոպեանոց տեսագրությունում լսվում է միայն Գասիմովի ձայնը, նա որևէ տեղ չի երևում, և հնարավոր չէ ստույգ պնդել՝ արդյոք հենց նա է հեռախոսը ձեռքին քայլում Երևանում, թե կցել է ձայնը այլ մարդու նկարածին։
Էժանագին քարոզչություն է, որով Թելման Գասիմովը փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ, այսօր հայտարարեց Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ու հավաստիացրեց՝ Ադրբեջանի քաղաքացին Երևանում չի եղել։ Ըստ ԱԱԾ-ի՝ կադրերը այլ մարդ է նկարահանել և Ադրբեջան է ուղարկել դեռ 6 տարի առաջ։
«Ազատությունը» նկարահանման ժամանակ ևս արձանագրեց, որ շենքի այսօրվա տեսքը ակնհայտ տարբերվում է տեսանյութում պատկերվածից․ փոխվել են շքամուտքի դուռը, պատուհանները, հարակից ավտոտնակն այլ գույն ունի։
Որ Գասիմովի հրապարակած կադրերը նոր չեն, հաստատում է նաև 56-ամյա Նունե Մելքոնյանն, որը մանկուց է հիշում Թելմանին․ նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային միության փլուզման ժամանակ՝ բնակարանը փոխանակելով Բաքվում ապրող փախստական ընտանիքի հետ
«Համարյա իմ հասակակիցն է ինքը, միշտ իրար հետ խաղացել ենք բակում։ Էն ժամանակ խաղաղ պայմաններ էին, նորմալ հարևանություն էին անում, իրենց տան դուռը երբեք փակ չէիք տեսնի։ Նորմալ ընտանիք էին», - ասաց նա։
Կոմիտաս 5 ա շենքի երրորդ մուտքի դուռը ադրբեջանցի քաղաքագետի հրապարակած կադրերում հին է, բացվում է անարգել, իսկ այժմ անվտանգության համակարգ կա տեղադրված, և հյուրերը ներս կարող են մտնել զանգից հետո միայն։ Հիմա փոխված են նաև պատշգամբները, բացի այդ 44-օրյա պատերազմից հետո բակում հուշաղբյուր է տեղադրվել Նունեի զոհված որդու հիշատակին։ Մինչդեռ Գասիմովի հրապարակած կադրերում այն չկա։
«Երեկ տեսանյութն էինք նայում, հետո որ ուշադիր նայեցինք, տեսանք, որ դա հին տեսանյութ է, որովհետև հիմա բակում լիքը բաներ են փոխված։ Հենց բալկոններ կան, որ ցույց է տալիս ինքը, կանաչ շիֆեռներ են, որ մարդիկ քանի տարի է, փակել են, մուտքի դուռը փոխված է», - ասաց նա։
Գասիմովը նախ երևացել էր Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի էկոակտիվստների շարքերում․ մինչև այսօր էլ Ֆեյսբուքի իր էջում ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները, իսկ հատուկ ալբոմում պահում է Հայաստանի և Արցախի դրոշը կոխկրտող, վառող զինվորականների լուսանկարներ։
Լուսանկարներից մեկում էլ Ռամիլ Սաֆարովի հետ է՝ ադրբեջանցի զինվորականը տարիներ առաջ Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարում երևանյան բակից ադրբեջանցու տարածած կադրերն ու պնդում՝ իրավապահները պետք է պարզեն մանրամասներն, ու եթե անգամ այն ադրբեջանցին չէ նկարել, միևնույն է, խնդիրը դրանով չի մեղմանում. - «Եթե նույնիսկ այլ մարդ է նկարել ու փոխանցել դա օրինակ՝ ադրբեջանցիներին, դա ևս, բնականաբար, իր մեջ ռիսկեր պարունակում է»։
Ազգային անվտանգության ծառայությունը պնդում է, թե տեսանյութը նկարահանել է երկքաղաքացիություն ունեցող մի անձ, չմանրամասնելով՝ կոնկրետ որ երկրների քաղաքացի է նա։ Ծառայությունը միայն հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ: Իսկ թե ինչ կարգավիճակ ունի կադրերի հեղինակը, ինչու և երբ է համագործակցության մեջ մտել Գասիմովի հետ՝ իրավապահները չեն հստակեցնում։