Եվրամիության հետ ազատ վիզայի ռեժիմի շուրջ քննարկումների համար անհրաժեշտ կենսաչափական անձնագրերն առաջիկայում էլ չեն տրամադրվի, ու պարզ չէ, թե հայաստանցիները դեռ որքան պիտի սպասեն։ 2017-ին ավարտվեց դրանց սպասարկումն իրականացնող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ու մինչ օրս անգամ նոր մրցույթ չի հայտարարվել։
Հիմա էլ հստակ չէ՝ երբ կվերսկսվի դրանց տրամադրումը։ Գործադիրը, սակայն, հայտարարում է՝ նոր գործընթաց են սկսում. ընդ որում, ցանկանում են ոչ միայն կենսաչափական անձնագրերի հարցը լուծել, այլև ընդհանրապես անձը հաստատող փաստաթղթերի համակարգը թվայնացնել։ Խոստովանում են՝ ժամանակակից աշխարհից Հայաստանը հետ է մնացել։
Ընդունելով, որ անձնագրայիններում քաղաքացիների բազում դժգոհություններն օբյեկտիվ են ու հասկանալի, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր կառավարության նիստում մի նախագիծ ներկայացրեց, ըստ որի՝ կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի համակարգը մասնավոր ընկերության հետ համագործակցությամբ կստեղծվի, այսինքն՝ պետությունը մրցույթ կհայտարարի։
«Պետությունը մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում», - ասաց նա։
Այս նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, իրենց նախանշած բարեփոխումների մեկնարկն է. - «Մեր ռազմավարական խնդիրը քաղաքացու թվային պրոֆիլը և էլեկտրոնային ստորագրություններով գործարքներ անելու հուսալի համակարգը և մոբայլ նույնականացման հնարավորություններ ստեղծելն է»։
Որոշումն ընդունվեց, բայց ժամկետների մասին դեռ խոսք չկա։ Վարչապետը, մինչդեռ, մեծ նպատակների մասին է հայտարարում։
«Բոլոր այն գործարքները, որ մենք հիմա անում ենք օրինակ՝ անձնագրի օգտագործմամբ, արդյունքում պետք է հնարավորություն ունենանք իրականացնել ուղղակի մեր տնից կամ հեռախոսից ինտերնետի միջոցով», - շեշտեց նա։
Փոփոխություն տուգանքների համար
Թվային տեխնոլոգիաների մասին գործադիրի նիստում այսօր շատ խոսեցին, հաջորդ թեման երթևեկության կանոնների խախտումներն էին։
«Բջջային հավելվածներով երբ նկարահանելու հնարավորությունները կան, որ քաղաքացիներն էլ իրենց հերթին խախտում արձանագրեն։ Ճիշտն ասած՝ ես էլ ներբեռնել եմ այդ ծրագիրը, բայց չեմ հասցրել որևէ մեկի խախտումը նկարել ու Ներքին գործերի նախարարությանն ուղարկել», - նկատեց վարչապետը։
Ներքին գործերի նախարարի ներկայացրած մյուս նախագիծը տուգանքների մասին էր. առաջարկը կարգազանց վարորդների սրտով կլինի. եթե քաղաքացին տուգանվելու մասին ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարի գումարի կեսը, մյուս մասն ավտոմատ վճարված կհամարվի, ավելին, եթե վարորդը նախընտրի ոչ թե ավանդական փստով, այլ էլեկտրոնային եղանակով ծանուցումներ ստանալ, հավելյալ զեղչ կկիրառվի։
«Հիշո՞ւմ եք չէ այդ խոսակցությունը՝ քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե տուգանքի մատերիալ չի, մենք այդ հարցը լուծելու համար ներդրեցինք բալային համակարգը։ Ինքը կարող է մի քիչ պակաս վճարի, եթե շարունակի, տենց կզրկվի, ոչինչ, էդ խնայած միջոցներն էլ թող դնի, գնա ավտո քշել սովորի», - նշեց Փաշինյանը։
Առաջարկն առայժմ քննարկման փուլում է, դեռ պարզ չէ, թե երբ կյանքի կկոչվեն նոր կարգավորումները։