Մատչելիության հղումներ

Անձնագրային բաժանմունքներում հերթեր են. քաղաքացիները շարունակում են դժգոհել


Թեև անձնագրային բաժանմունքներում աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին, բայց Նոր Նորքի մասնաճյուղում, օրինակ, ոմանք առավոտյան հինգից են գնում, որ կարողանան գործարք կատարել։ Տարիներ շարունակ չի լուծվում հերթերի հարցը, որը սաստկանում է ամռան ամիսներին, երբ քաղաքացիներն ավելի շատ են դիմում՝ հատկապես արտերկիր մեկնելու համար։

«Երեկ եկել եմ ժամը 7-ին, վաթսուն քանիսն եմ, ներս եմ մտել չեկը վերցնելու, 97-ն եմ։ Ասացի՝ էս ո՞նց ստացվեց, ես դրսում հերթագրվել եմ։ Ասացին՝ Ձեր դրսի հերթը մեզ չի հետաքրքրում։ Հիմա էսօր գիշերը ժամը 5-ին եմ եկել, 25-րդ համարն եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

Մարդիկ ստիպված ինքնակազմակերպվում են, սեփական ցուցակը կազմում, որպեսզի դռները բացվելուց պես ըստ իրենց կազմած հերթականության կտրոն վերցնեն ու սպասեն իրենց հերթին. - «21-րդ դարում էսպիսի խայտառակություն ուղղակի անսպասելի է, ինչո՞ւ պիտի ժողովուրդը գա, գիշերը ժամը 1-2-ին հերթագրվեն այստեղ, հետո գան, էսպիսի հրմշտոցով ներս մտնեն։ Ինչո՞ւ համակարգային կանոնակարգում չկար», - հարցնում է Սուսաննա Միրզոյանը։

«Ես առաջին օրն եմ գալիս, ժամը 8-ին էստեղ եմ եղել, 90-րդ հերթն եմ և չգիտեմ՝ բախտ կվիճակվի ներս մտնել, թե ոչ», - հավելեց մյուսը։

Նոր Նորքի անձնագրայինում առավոտյան 10-ին միայն քաղաքացիների սեփական հերթի ցուցակում 166 անուն էր գրված, բայց կտրոն այլևս չկար։ 9 պատուհանից միայն 4-ն էին գործում։

Անձնագրային բաժանմունքները գործում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում։ Այս կառույցի խոսնակ Նելլի Դավթյանն ընդունում է՝ աշխատողների պակաս կա, պայմանները գրավիչ չեն, աշխատավարձը ցածր է, դրան գումարած էլ՝ մի մասը հիմա վերապատրաստման է։

«Անձնագրային ծառայությունների ռեսուրսները օգտագործվում են նաև ընտրությունների ժամանակ ընտրացուցակներ կազմելիս, և ծանրաբեռնվածությունը կտրուկ մեծանում է, սեզոնայնությանը գումարվելու է առաջիկայում Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նաև իմ նշած զբաղվածությունը», - նշեց Նելլի Դավթյանը։

Երևանում ծանրաբեռնված են հատկապես Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնի, Ավանի, Նոր Նորքի բաժանմունքները: Հերթերը վերացնելու համար կառավարությունը մտադիր է ներդնել էլեկտրոնային հերթագրման համակարգ, այսինքն՝ մարդիկ կկարողանան նախապես տնից հերթագրվել, հետո գնալ անձնագրային։ Այս մեթոդն արդեն գործում է Քանաքեռ Զեյթունի մասնաճյուղում, որտեղ «Ազատությունը» կուտակումներ չնկատեց, հաջորդ շաբաթվանից նաև՝ Արաբկիրի ու Մաշտոցի բաժանմունքներում։

«Կան օբյեկտիվ պատճառներ այս հերթերի համար, կան որոշակիորեն սովորութային խնդիրներ այս ամենի հիմքում։ Նախ սեզոնայնությունը. ինչպես նշեցի, ամառվա սեզոնին տարիներ շարունակ անձնագրային ծառայություններում հերթերը հասնում են իրենց պիկին։ Ինչո՞ւ, որովհետև արձակուրդից առաջ քաղաքացին խնդիր է ունենում անձնագիրը օտարերկրյա պետություններում վավերականացնելու կնիքը ունենալու և դա անում է միշտ արձակուրդին ընդառաջ։ Ինչո՞ւ, որովհետև ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ծնողական համայնքը ստիպված է լինում գնալ անձնագրային ծառայություններ և երեխայի համար հաշվառման տեղեկանք վերցնել», - նշեց միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատուն։

Անձնագրային բաժանմունքների հերթերը թեթևացնելու համար նախադպրոցական ընդունելության ընթացակարգից հանվել են բնակության հաշվառման, հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքները։ Մոտ երկու ամիս է՝ դրանք հնարավոր է ստանալ առցանց migration.e-gov.am հարթակի միջոցով։

Նելլի Դավթյանի խոսքով՝ երկարաժամկետ լուծումների համար գործընթացների թվայնացման անհրաժեշտություն կա. - «Այն համակարգը, որով հիմա մենք անձը հաստատող փաստաթուղթ ենք տրամադրում մեր քաղաքացիներին, մեղմ ասած՝ ակտուալ չէ, այն միջազգային պրակտիկայից և ժամանակակից համակարգերից հետ է մոտ 10 տարով, մեր ունեցած ենթակառուցվածքները չեն սպասարկում ժամանակակից փաստաթղթերը, մեր ունեցած անվտանգությունն անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում նվազագույնն է»։

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում, առայժմ, սակայն, նույնիսկ մրցույթ չի հայտարարվել, որ ընտրվի ծառայությունը մատուցող ընկերությունը։

«Կարիք չի լինելու, որ քաղաքացին գա և հերթերում սպասի, շատ ծառայություններից կարողանալու է օգտվել օնլայն, շատ ծառայություններ օպտիմալացվելու են։ Առհասարակ պրակտիկայից հանվելու են որոշակի կարգեր, այդպիսին կարող է լինել, օրինակ, անձնագրի վավերացումը օտարերկրյա պետություններում», - տեղեկացրեց Նելլի Դավթյանը։

Հայաստանում կենսաչափական անձնագրեր արդեն տևական ժամանակ է՝ չեն տրամադրվում։ Ու մինչ էլեկտրոնային կառավարման ռազմավարություն որդեգրած կառավարությունը դեռ չի էլ հստակեցնում այս խնդիրների լուծման ժամկետները, քաղաքացիները շարունակում են սպասել երկար հերթերում ու բողոքել։

Ժաննա Բեքիրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG