Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ճակատագրով, ում գտնվելու վայրն անհայտ է արդեն գրեթե 20 օր, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան և դադարեցնել Ռուսաստանում անկախ ձայների դեմ շարունակվող ճնշումները»,- գրել է Բլինքենը։
Նավալնիի համախոհները ահազանգում են, որ չեն կարողանում կապվել քաղաքական գործչի հետ և չգիտեն, թե որտեղ է նա։
Դաշնային քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Նավալնին դեկտեմբերի 11-ին լքել է Վլադիմիրի շրջանի թիվ 6 գաղութը։ Միաժամանակ փաստաբանները դեկտեմբերի 6-ից չեն կարողացել հանդիպել նրա հետ։
Ըստ ամենայնի, Նավալնին տեղափոխվել է հատուկ ռեժիմի գաղութ՝ ծայրահեղական գործունեության հոդվածով դատարանի վճռի համաձայն։ Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։