Մատչելիության հղումներ

Ըստ Նավալնիի խոսնակի՝ իշխանությունները հրաժարվում են տեղեկացնել, թե ուր են տեղափոխել նրան


Ալեքսեյ Նավալանիի խոսնակ Կիրա Յարմիշը հայտարարել է, որ այսօր բանտից տեղեկացրել են, որ ընդդիմադիր գործիչն այլևս Վլադիմիրի շրջանի Մելեխովո բանտում չէ, որտեղ պահվում էր վերջին ամիսներին։ Յարմիշի խոսքով՝ իշխանությունները հրաժարվում են տեղեկացնել, թե որտեղ են տեղափոխել Նավալնիին։

Բանտարկված քաղաքական գործչի թիմակիցները այսօր ավելի վաղ ահազանգել էին, որ արդեն վեց օր է նրանից որևէ տեղեկություն չունեն, փաստաբանին արգելվել է տեսակցել Նավալնիին։ Ընդդիմադիր առաջնորդի գործով դատական լսումներին այսօր հերթական անգամ նա տեսակապով չէր միացել։

Բանտի ներկայացուցիչները պնդել էին, որ նրան տեսակապով ապահովել չի հաջողվել, քանի որ «դեկտեմբերի 7-ից չեն կարողանում էլեկտրականությունը կարգավորել»։ Նավալնիի թիմակիցների պնդմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող քաղաքական գործիչը նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին վատառողջ էր։ Յարմիշը նշել էր, որ նրան զրկել են սննդից, պահել պատժախցում՝ առանց օդափոխության, քայլելու համար հատկացված ժամանակն էլ հասցրել են նվազագույնի։

XS
SM
MD
LG