Ադրբեջանը կտրականապես մերժում է Եվրամիության մեղադրանքները լրագրողների և քաղաքական ակտիվիստների կալանավորման վերաբերյալ։
Բաքուն դրանք «անհիմն» մեղադրանքներ է որակում:
Այդ մասին այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
«Նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները դիտարկում ենք որպես Ադրբեջանի դատական գործընթացներին միջամտելու փորձ: Հետաքննության ընթացքին միջամտությունն անընդունելի է, և դատական գործընթացներին միջամտելը հակասում է օրենքի գերակայության հիմնարար սկզբունքին»,- հայտարարել է Հաջիզադեն:
Այս անհիմն պնդումները հարված են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի զարգացման հեռանկարներին,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
ԵՄ-ն այսօր կոչ է արել Բաքվին՝ ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար բանտարկվածներին և միջավայր ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։
ԵՄ-ն միևնույն ժամանակ ընդգծել է, որ մարդու իրավունքները, ներառյալ հիմնարար ազատությունները, և օրենքի գերակայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր տարրերն են: