Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար։
Մինչ այդ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը երեկվա համագումարում իր միաձայն աջակցությունը հայտնեց Պուտինի թեկնածությանը։
Պուտինի հաղթանակի մեջ ոչ ոք չի կասկածում. 71-ամյա Պուտինն արդեն հինգերորդ անգամ է գնում ընտրությունների։ Նրա նախկին նախագահական ժամկետները չեղյալ են հայտարարվել 2020 թվականին Սահմանադրության փոփոխություններով։ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ հարևան պետության ինքնիշխանությունը խախտող Պուտինը խոսել է ինքնիշխանության և Արևմուտքի մասին, որը, նրա խոսքով, հույս ունի «շփոթություն սերմանել» Ռուսաստանում։
«Ռուսաստանը, ինչպես որոշ երկրներ, չի կարող հրաժարվել իր ինքնիշխանությունից երշիկի դիմաց և դառնալ ինչ-որ մեկի արբանյակը։ Ռուսաստանը պետք է ինքնիշխան լինի, այլապես չի լինի», - ասել է նա։
Փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա ընտրությունները ձևականություն են, քանի որ Պուտինի հիմնական հակառակորդները կա՛մ բանտում են, կա՛մ աքսորված։ Ընդ որում, 19 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիից օրեր շարունակ տեղեկություն չկա. նրա փաստաբաններն ու թիմակիցները ահազանգում են, որ արդեն 13 օր է չգիտեն՝ որտեղ է նա։ Շաբաթավերջին Կրեմլի խոսնակն ասաց, թե Նավալնիի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունեն։
Այսօր Վլադիմիր քաղաքի Օկտյաբրսկի շրջանային դատարանի դատավորը կասեցրել է ընդդիմության առաջնորդի հայցերի քննությունն ընդդեմ այն գաղութի, որտեղ նա պահվում էր, «մինչև պարզվի նրա գտնվելու վայրը», սոցիալական ցանցերում հայտնել են Նավալնիի թիմակիցները։
Նրա անհետացումը դարձել է ամենաերկարը նրա ձերբակալությունից ի վեր։ Նախկինում Նավալնիի տեղափոխության ժամանակ նրա հետ կապը կորել էր առավելագույնը երեք օրով։ Ընդդիմադիրի ընկերները վախենում են նրա անվտանգության համար, սոցցանցերում քարոզարշավ են սկսել «Ո՞ւր է Նավալնին» կարգախոսով։
Նավալնիի անհետացումը համընկավ Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի հետ։ Ընտրությունների օրը հայտարարեցին դեկտեմբերի 7-ին, նույն օրը սոցիալական ցանցերում հայտնվեցին Նավալնիի հայտարարություններն առ այն, որ պետք է գնալ ընտրություններին և քվեարկել ցանկացած այլ թեկնածուի օգտին, բացի Պուտինից։
Իսկ այն անձինք, ովքեր ցանկանում են Պուտինի մրցակիցը դառնալ, բախվում են տարբեր խոչընդոտների։ Ռժևից լրագրող Եկատերինա Դունցովայի ու նախաձեռնող խմբի հանդիպման ժամանակ նախ անջատել են դահլիճի լույսերը, հետո եկել են ոստիկանները։ Բայց որպես անկախ գործիչ ներկայացող Դունցովան չի ցրել միջոցառումը, և նրա առաջադրումը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել։ Ընդհանուր առմամբ հաշվարկվել է 521 ձայն՝ անհրաժեշտ էին 500-ը։
Նախագահական ընտրություններին մասնակցելու հայտարարությունից հետո կինը նաև դատախազություն էր հրավիրվել։ Ֆինանսական աջակցության խնդրանքից հետո էլ նրա բանկային փոխանցումներն արգելափակվել են։ Դունցովան, մասնավորապես, հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանը դարձնել խաղաղ, բարեկամական և «մարդկային դեմքով» երկիր։