Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորված ժամկետներ չկան, այսօր Հայաստան-Ռուսաստան միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, «դա բավականին բարդ գործընթաց է»։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպումներն են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 2-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։
Հարցին, թե ո՞ր քարտեզներով են աշխատելու, Գրիգորյանը պատասխանեց․ - «Մենք որպես մեկնարկային քարտեզ ընդունում ենք 1975-ից 1990 թվականների՝ ամենաթարմ քարտեզներն են։ Բայց էստեղ ես ուզում եմ նաև հստակեցնել, որ մենք աշխատելու ենք բացառապես տոպոգրաֆիկ, պրոֆեսիոնալ քարտեզներով և նաև պետք է աշխատենք բացառապես փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն», - ասաց Գրիգորյանը:
Երևանն ու Բաքուն երեկ հաստատեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ Կողմերը նաև ամրագրեցին, որ պետք է երաշխավորվի նիստերի բոլոր մասնակիցների անվտանգությունը։
Մհեր Գրիգորյանը երեկ նշեց, որ հաստատված աշխատակարգով լուծվում են կազմակերպչական հարցերը, ապա հաջորդ փուլում կմշակվի կանոնակարգ, որն արդեն ավելի բովանդակային կլինի։
«Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը 230 մլն դոլար էր»
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ փոխվարչապետն ասաց՝ նախագծի մեջ կան ենթակառուցվածքներ, որոնք արդեն մշակված են և իրականացման փուլում են՝ շեշտելով Հյուսի-հարավ ավտոճանապարհը։
«Մնացած մասերով կա լրացուցիչ հետազոտության կարիք՝ ծրագրի վերջնական արժեքն իմանալու համար։ Հարավային՝ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը, մեկ տարի առաջ ստացել ենք կարծիք և դա կազմում էր շուրջ 230 մլն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջությամբ վերականգնելու համար»,- ասաց փոխվարչապետը։