Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանվածները կենսաթոշակ, աշխատավարձ, նպաստ չեն ստացել


Արցախի կառավարության օպերատիվ շտաբի առջև հավաքվել էին մոլորված տեղահանվածները։ Նրանք չեն ստացել կենսաթոշակ, աշխատավարձ, նպաստ։

«Ոչ թոշակը, ոչ էն 40-ը, որ տալիս էին, չենք ստացել», - ասում են նրանք։

Սեպտեմբերի վերջին տեղահանվել ու Հայաստան են հասել, ենթադրում են՝ սեպտեմբերի կենսաթոշակները պիտի ստանային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամսվա սկզբին արցախցիների աջակցության ծրագրերի մասին խոսելիս նաև կենսաթոշակներին անդրադարձավ՝ շեշտեց՝ իրավական խնդիր կա կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Պիտի լուծում գտնեն։ Լուծում կարծես թե չկա։

Ստեփանակերտցի Սերգեյ Միրզոյանն իր 72 ռուբլու հետևից էր եկել. - «Հլը բան չեն ասել, եկել եմ էստեղ, տեսնեմ՝ ինչ են ասում, էնդեղ 72 ռուբլի եմ ստացել»։

Գրետա Թովմասյանը 41 հազար 690 դրամ պիտի արդեն ստացած լիներ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասում են՝ քննարկումներն ընթացքում են, սպասեք պաշտոնական հայտարարության։ Իսկ թե ինչու Արցախի պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձը կամ նպաստները նույնպես չկան, ոչ մի պատասխան։

Օպերատիվ շտաբում էլ փող չեն ստացել, լրատվության պատասխանատուն չգիտի ինչու։

«Ես չեմ կարող հստակ ոչինչ ասել, և ոչ միայն ես, բայց մեր կողմից մենք մեր համապատասխան աշխատանքը կատարել ենք և դիմել ենք մեր ֆինանսների նախարարությանը», - ասաց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը։

Նա նկատի ունի Արցախի ֆինանսների նախարարությունը։ Աբովյան 9 հասցեում գտնվող շենքի երկու հարկերում տեղավորվել են լուծարված Արցախի գերատեչությունները, մի սենյակում Ստեփանակերտի քաղաքապետարանն է, բոլոր շրջանների վարչակազմերը կաբինետ ունեն, մեկ այլ սենյակ Ֆինանսների նախարարությանն է։ Փոխնախարարն ասաց՝ ինչու փողերը չկան, պետք է հարցնել վերևներին.- «Մեր ղեկավարությանը դիմեք՝ պետնախարար, նախագահ»։

Նպաստների բաժնի աշխատակիցն էլ ամեն օր նպաստից չստացած տասնյակ մարդկանց է ընդունում՝ նույն տեքստով. - «Մենք ասում ենք՝ դեռ չգիտենք»։

Պետական այս վճարումները չեն ստացել ոչ միայն սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածները, այլև այն հազարավոր արցախցի ընտանիքները, որ Հայաստանում էին հաստատվել 44 օրյա պատերազմից հետո։

Արցախը լուծարվեց, փողերը սառեցվեցին, ենթադրում է Շիրին Բեգլարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG