Ֆրանսիան հավատարիմ է հայ-ֆրանսիական բարեկամությանը և այս դժվարին պահին Հայաստանի կողքին է, Երևանում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այսօր հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Բերտրան Բուիքսին:
Ըստ հայկական կողմի՝ Սիմոնյանն ու Բուիքսն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությանը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների իրականացմանը:
ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարը կարևոր քայլ է համարել Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը:
Խոսելով տարածաշրջանային մարտահրավերների մասին, ըստ Հայաստանի Ազգային ժողովի, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: