Իրանը հավանաբար կվերսկսի «բարոյականության ոստիկանական» պարեկությունը՝ հիջաբ՝ գլխաշոր կրելը պարտադրելու համար։
Իրանի ոստիկանության խոսնակ Սայիդ Մոնթազերուլ-Մահդին հուլիսի 16-ին ասել է, որ պարեկները ճնշում են գործադրելու հասարակության մեջ «արտասովոր հագուստ» կրողների նկատմամբ և նրանց, ովքեր «խախտում են նորմերը»:
Հայտարարությունը հնչել է սոցցանցերում քննարկվող գրառումների ալիքի ֆոնին, որոնք առնչվում են Իրանի մի շարք քաղաքներում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենաների ենթադրաբար հայտնվելուն:
«Բարոյականության ոստիկանության» պարեկային ծառայությունը կասեցվել է ամիսներ շարունակ տևած անկարգություններից հետո։ Իրանում սեպտեմբերի 16-ից հարյուրավոր մարդիկ փողոց դուրս եկան՝ լսելով մահմեդական գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված երիտասարդ կնոջ մահվան լուրը։ Ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինին մահացել է ոստիկանական բաժանմունքում, շատերի, այդ թվում՝ նրա հարազատների համոզմամբ՝ ուժայինների բռնությունների հետևանքով։ Իրանի իրավապահները հերքել են այս վարկածը՝ պնդելով, որ երիտասարդ կնոջ մահվան պատճառը մինչ այդ ունեցած հիվանդություններն են։
Անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 500 մարդ, տասնյակ հազարավորները ձերբակալվել են։ Մայիսի 17-ին Իրանի դատական համակարգի ղեկավարը հայտարարեց, որ 90 հազար ցուցարարների ներում է շնորհվել Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից:
Հիջաբը 9 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար պարտադիր է դարձել 1981 թվականին՝ Իրանի իսլամական հեղափոխությունից երկու տարի անց: