Մատչելիության հղումներ

Շենքերի սեյսմակայունությունն արդեն ազգային անվտանգության հարց է դառնում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի բազմաբնակարան շենքերի մոտ 90 տոկոսը կառուցվել է խորհրդային տարիներին: Այդ շենքերն արդեն հին են, կրել են 1988-ի և հաջորդող երկրաշարժերի ազդեցությունը: Բավական է մի քանի ժամ շրջել մայրաքաղաքով ու տեսնել, թե մաշվածությանը զուգահեռ ինչպես են այս տարիների ընթացքում նաև ձևախեղվել շենքերը՝ է՛լ ավելի թուլացնելով հիմքերը։

Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ ցնցումների ուժգնությունը տարածաշրջանում գնահատվում է մինչև 9-10 բալլ, սակայն Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալներով՝ մինչ այդ շենքերը նախագծել ու կառուցել են 7-8 բալլանոց երկրաշարժին դիմակայելու համար։ Տարիներ շարունակ մասնագետներն ահազանգել են՝ եթե օր առաջ չմշակվի կոնկրետ ռազմավարություն, չամրացվեն շենքերը, հատկապես Երևանը լրջագույն աղետի առջև կկանգնի:

Իսկ ի՞նչ է արվել անցած 35 տարիների ընթացքում։ Անկախ փորձագետների պնդմամբ՝ մեծ հաշվով՝ գրեթե ոչինչ: Տարիներ շարունակ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում էր, որ համակարգված ծրագիր չի եղել, տրվել են տեղային լուծումներ, շտապ օգնություն՝ ծայրահեղ վատ վիճակում գտնվող շենքերին։ Այսօր կոմիտեից հայտնեցին՝ արդեն կա հստակ գործողությունների ծրագիր, ռազմավարություն մինչև 2030 թվականը, օրենսդրական կարգավորումների մի մասն էլ ընթացքի մեջ է։ Շենքերի ամրացման հարցով հորդորեցին դիմել քաղաքապետարանին։

Քաղաքապետարանից էլ տարիներ շարունակ նույնն են պնդում՝ քաղաքային իշխանությունն առանց կառավարության չի կարող միլիարդավոր ծախսերի հետ կապված խնդիր լուծել։

Իսկ այս ընթացքում էլ շենքերի վիճակն ավելի է վատթարանում, ու սա արդեն դառնում է ազգային անվտանգության հարց, ահազանգում են մասնագետները։

Նորակառույց շենքերն էլ առանձին պատմություն են։ Արդյոք 90-ականներից նոր թափ հավաքած շինարարական բիզնեսում չե՞ն խախտվել ու խախտվում շինարարական նորմերը։ Ո՞վ և ինչպե՞ս է վերահսկում մի դաշտ, որը տարիներ շարունակ, տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների պնդմամբ, ամենաեկամտաբեր և կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտն է եղել։

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

XS
SM
MD
LG