Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ, Արցախի նախագահի աշխատակազմը հայտարարությամբ հանդես կգար, «թաքցնելու որևէ բան չկա», «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Երեկ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էր պնդել, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Ադրբեջանի հետ։
Սամվել Շահրամանյանի խորհրդականն ասաց, թե Սամվել Բաբայանին արձագանքել չեն պատրաստվում, նա ինքը պետք է ասի, թե որտեղից իրեն այդպիսի տեղեկություն։
Միաժամանակ խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Սամվել Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես Բաքվում գտնվող գերիների հարցով։
«Եթե նախկին նախագահները կապվում են կամ մեր Արցախի մյուս քաղաքացիները, ովքեր այս պարագայում գտնվում են գերեվարված, կամ որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում, ես չեմ կարող ասել՝ մենք դա կարող ենք համարել շփում, չենք կարող համարել շփում։ Տեխնիկական խնդիրներ են, ինձ թվում է՝ դա ևս կարող ենք ենթադրել, որ զուտ տեխնիկական հարցեր կարող են լինել, այսինքն՝ եթե այնտեղից զանգահարում են, կամ այստեղից են փորձում ինչ-որ մի ձև կապ հաստատել, չգիտեմ՝ մենք ինչքանով կարող ենք դա համարել շփում։ Բանակցություն, բնականաբար, չենք կարող համարել, բայց շփում, կարծում եմ, ևս չենք կարող համարել», - ասաց նա։
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ, ասել են՝ խոշտանգումների չեն ենթարկվել. Դավիթ Գալստյան
Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Շահրամանյանը խոսել է Բաքվում գերեվարված արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Արդյո՞ք Շահրամանյանն է նրանց հետ կապ հաստատել, թե՞ Ղարաբաղի նախկին առաջնորդներն են այնտեղից միջնորդավորված զանգահարել, պատգամավորն ասաց՝ մանրամասներից տեղյակ չէ։
«Երբ մենք պատգամավորներով հանդիպում էինք նախագահին և հարցրել էինք, թե ինչ նորություններ կան մեր գերեվարված բարձրաստիճան պաշտոնյաներից, ասաց, որ նորմալ է, խոսել է, և նրանք այնտեղից ասել են, որ խոշտանգումների չեն ենթարկվել և այլն», - նշեց նա։
Արձագանքելով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Արցախի նախագահն ամենօրյա կապի մեջ է Բաքվի հետ, ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է՝ կար ժամանակ, երբ Բաբայանն ինքն էր հայտարարում, թե բանակցում է ադրբեջանցիների հետ՝ չունենալով որևէ լիազորություն։ Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է զբաղվեր այդ հարցով և պարզեր, թե Բաբայանը կոնկրետ ում հետ է կապի մեջ եղել, Բաքվին ինչ առաջարկներ է արել և ինչ փաստաթուղթ է փոխանցել։
Ազգային անվտանգության ծառայությունը վերջերս մերժեց դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սամվել Բաբայանի դեմ՝ եզրահանգելով, որ նրա գործողություններում ու հայտարարություններում հանցակազմ չկա։
«Եթե այսօր նույն Սամվել Բաբայանն Ադրբեջանին ինչ-որ փատաթուղթ ներկայացնի Հայաստանի հետ կապված բանակցություներում, էլի՞ են հատուկ ծառայությունները լռելու և թույլ տա այդպիսի սեպարատ բանակցություններ։ Եթե այսօր Արցախի մասով կան բանակցություններ, ապա պետք է բանակցությունները վարի կամ Սամվել Շահրամանյանը ի պաշտոնե, կամ իր կողմից լիազորված ինչ-որ անձ։
Շատ լավ կլիներ, որ լինեին {բանակցություններ}, Արցախի Հանրապետության նախագահը բանակցություններ վարի կոլեկտիվ վերադարձի հարցով, բայց թե վարում է, թե ոչ, ես չեմ կարող հաստատել», - նշեց նա։
Արցախի Ազգային ժողովի նիստը «տեխնիկական» պատճառներով չի կայացել
Ի դեպ, այս շաբաթ պետք է տեղի ունենար Արցախի Ազգային ժողովի նիստ, սակայն ներկայանալ չցանկացող իշխանական պատգամավորներից մեկն «Ազատությանը» փոխանցեց, որ «տեխնիկական պատճառներով» այն չի կայացել։ Թե որտեղ, ինչ օրակարգով պետք է նիստ գումարեր լուծարված Արցախի խորհրդարանը, պատգամավորը չցանկացավ մանրամասնել։
Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկությունը, միայն նշեց, որ առաջիկայում իսկապես նախատեսում են Ազային ժողովի նիստ անցկացնել։ Նրա փոխանցմամբ՝ նիստը կկայանա, երբ ձևավորվի օրակարգը։ Գալստյանի կարծիքով՝ օրակարգում պետք է բարձրացվի Արցախի ժողովրդի կոլեկտիվ վերադարձի հարցը։