Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից


Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ
Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, եզրահանգելով, թե Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին Բաբայանի փոխանցած փաստաթղթերի մասին։

Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել էին այդ գործընթացին։

Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ պնդելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։

«Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»:

Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։

ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։

«Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին», - գրել է ավագ քննիչը։

Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։

«Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը:

Ինչպե՞ս է քննիչը պարզել այս ամենը. ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցեցին, թե հավելյալ պարզաբանում չունեն։

Քննիչի եզրակացությունից դեռ շաբաթներ առաջ Բաբայանը ևս հայտարարել էր, թե Արայիկ Հարությունյանի իմացությամբ է բանակցել, ընդ որում՝ այդ մասին բաց խոսել է Արցախի խորհրդարանում կայացած խորհրդակցության ժամանակ, որին ներկա են եղել քաղաքական ուժերն ու նախկին և ներկա նախագահները։

ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը:

«Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե՞ պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:

Պատգամավորի պնդումների վերաբերյալ Բաբայանի դիրքորոշումը պարզել չհաջողվեց՝ նրա հետ այսօր հնարավոր չեղավ կապ հաստատել։

Մերժելով պատգամավորի հաղորդման հիման վրա վարույթի հարուցումը, իրավապահներն անցած ամիս քրեական գործ հարուցեցին Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Գլխավոր դատախազությունը չի հստակեցնում՝ կոնկրետ ում դեմ է այն, նշվում է միայն, որ քրեական գործի հիմքում երկու հոդված է՝ զինվորական անփութություն և հակառակորդին զինտեխնիկայի հանձնում:

Դատախազությունից այսօր «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Սամվել Բաբայանի կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG