Անցած տարի Աղավնոյից տեղահանված Աիդա Ավագյանը պետության հատկացրած սերտիֆիկատով գնած տունը հյուրատան է վերածել։ Աիդայի ամուսինը զոհվել է քառասունչորսօրյա պատերազմում։
«Բոլոր հիշողություններս Աղավնոյում էին», - ասում է զոհվածի կինը, որ չորս երեխաների հետ մինչև վերջին օրը մնացել էր գյուղում։
«Որովհետև իր էդ խոսքերը հիշում եմ, ջերմոց ունեինք մենք Աղավնոյում, ասում էր՝ կջրես ջերմոցը, կմշակես։ Նոր էինք տեղադրել։ Արդեն բերքը հավաքելուց ինքը գնացել էր պատերազմ», - հիշում է կինը։
Լաչինի միջանցքի ներսում գտնվող Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը անցած տարի հանձնվեցին Ադրբեջանին՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության, որով պետք է փոխվեր Արցախը Հայաստանին կապող երթուղին։
Տեղահանումից հետո Աիդան ու երեխաները նախ Երևան են գնացել, ապա Գորիս վերադարձել, երկար փնտրտուքից հետո մի տուն են գտել ու հյուրատուն հիմնել։ «Աղավնոյի շունչը». այսպես է կոչվում հյուրատունը։
Անվան ընտրության հարցում տիկին Աիդան երկար չի մտածել.
- «Որ Աղավնոս չմոռանամ: Չգիտեմ, էնքան շատ էի սիրում, էնքան շատ կապնված։ 20 թվի պատերազմից հետո վաբշե է՜, չես պատկերացնի։ Նոր գույք էի առել, տարել։ Էդ անցակետը որ անցնում էինք, ասում էին՝ մարդիկ գնում են, դու նոր գույք ե՞ս առնում։ Ասում էի՝ չէ, ես նպատակ ունեմ»։
Ապրիլից գործող հյուրատան բոլոր հյուրերը միայն արցախցիներ են եղել։ Սկզբում ադրբեջանական շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիներն էին օթևան գտնում այստեղ, իսկ ադրբեջանական վերջին հարձակումից հետ սկսված մեծ տեղահանության օրերին այստեղ ասեղ գցելու տեղ չկար։
«Չէի հասցնում, որ մեկին զանգեմ, որ բոլորին ասեմ՝ կգաք ինձ մոտ, որ հենց հասնեք Գորիս, կասեք, որ էստեղ եմ։ Չնայած իրենք էլ, արդեն որ հասանելի էին լինում կապը, մեսենջերս անընդհատ էդ էր՝ Աիդա ջան, տեղ պահի, որ հասնում ենք, Աիդա ջան, տեղ պահի, որ հասնում ենք, ու եկան։ Էս մի փոքրիկ հյուրատանը երևի մի 25-30 կարգի ընդունել էի։ Մի կերպ տեղավորվել էին», - պատմում է նա։
Հյուրատան տիրուհին ձեռքի նոթատետրում գրանցում է բոլոր եկող գնացողներին, որ չմոռանա բախտակից հյուրերին և նրանց՝ իրար նման, իրարից տարբերվող տխուր պատմությունները։
Ասում է՝ տեղահանվածներին օթևան տալուց բացի, փորձում է ջերմություն ու կարեկցանք տալ, քանի որ ինքն էլ անցել է տուն ու հարազատ կորցնելու դառը ճանապարհը։
Ասկերանի Հարավ գյուղից տեղահանված Արաքս Մեսրոպյանը ամուսնու, 2 տարեկան որդու, տեգրոջ ու ամուսնու հոր հետ հյուրատան վերջին երկու ամսվա բնակիչներն են։ Սուրճի սեղանի շուրջ ծավալվող ամենօրյա զրույցի թեման Արցախն է, իրենց հիշողություններից չջնջվող լավ ու վատ օրերը։ Արաքսը դեռ 2020-ին էր կորցրել Քարինտակի հայրական տունն ու դերասանուհու աշխատանքը՝ Շուշիի թատրոնում։
«Մինչև հիմա աչքերիս առաջ ա մեր տունը, մեր գյուղը։ Ամեն ինչ կտայի, թեկուզ մի քանի վայրկյանով ես լինեի իմ գյուղում՝ իմ հարազատների գերեզմանների մոտ», - ասում է նա։
Հիմա էլ ափսոսանքով ամուսնու Հարավ գյուղն է հիշում։ Նոր տուն էին կառուցել, ասում է՝ երջանիկ չէինք, վախ կար, բայց մեր տներում էինք, առողջ էինք։ Արաքսի փոքրիկը՝ 2 տարեկան Վահեն, անընդհատ ջերմություն ու հազ ունի։ Ստեփանակերտի ցուրտ նկուղներում անցկացրած մի քանի օրը, գաղթի դժվարին ճամփան իրենց հետքն են թողել ընտանիքի բոլոր անդամների առողջության վրա։ Հիվանդ են վերջին 2 ամսվա բոլոր օրերին։
Արաքսի ամուսինը՝ Արամըմ Գորիսում քարի արտադրամասում է աշխատանքի անցել, եղբայրը՝ մրգի խանութում։ Ասում է՝ կարելի է ամեն տեղ նորից տուն ստեղծել, բայց Արցախի կորստի հետ հաշտվել չի կարողանում։ Հարավ գյուղի պաշտպանության անհավասար մարտերով անցած արցախցին պատերազմի պարտության պատճառներն է ծանր ու թեթև անում։ Նոր տուն կառուցելու պլաններ առայժմ չունի։ Արցախ վերադառնալու հույսը դեռ չի կորցրել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.