Մատչելիության հղումներ

Եկող շաբաթ Հայաստան կայցելի ԵՄ ԱԳԾ և ԵՀ ներկայացուցիչների պատվիրակությունը


Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ
Եվրամիության և Հայաստանի դրոշները, արխիվ

Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կայցելի Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակություն։

Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:

Այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները, ասված է հաղորդագրությունում:


Այցի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների։

Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG