Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր Քննչական կոմիտեում հարցաքննվել է՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Պատգամավորը քննիչի հարցերին պատասխանել է վկայի կարգավիճակով։
Ըստ Մամիջանյանի՝ վարույթի համար հիմք են հանդիսացել այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում իր ճեպազրույցի շրջանակում արված հայտարարությունները։ Այդ օրը ընդդիմադիր պատգամավորը ներկայացրել էր Արցախի և Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, նշելով. - «Երևանը փոխվելու է մեր բոլորիս՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի, նաև արյամբ»։ Ավելի ուշ պատգամավորը պարզաբանել էր՝ նկատի է ունեցել, որ ոչ թե ընդդիմությունը, այլ Փաշինյանը կարող է արյուն թափել իր իշխանությունը պահելու համար։
Մամիջանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Ճիշտն ասած, այդտեղ պարզաբանումներ ներկայացնելու կարծում եմ բան չկար, տեքստը պարզապես նորից վերաշարադրել եմ, և վերջ», - այսօր «Ազատությանն» ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ ընթացք կունենա սա, Ձեզ կներգրավե՞ն այդ վարույթում», - այս հարցին Մամիջանյանն արձագանքեց. - «Վկայից զատ ցանկացած այլ կարգավիճակի համար իրենք պիտի մտնեն Ազգային ժողով՝ նրա համաձայնությունը ստանալու համար»:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս հարցի շուրջ հավելյալ մեկնաբանություններ չունեն։
Տե՛ս նաև այստեղ