«Քանի գիրք է արգելվել Հայաստան մտնել». - տևական ժամանակ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը բողոքում է, որ Հայաստանն ու իր ԵԱՏՄ գործընկերները մեկ դար հետ են մնացել աշխարհից։ Ինտերնետի դարում Ազգային անվտանգության ծառայությունում մարդիկ նստած թերթում են, թե Հայաստան մտնող ու դուրս եկող գրքերից որոնք իրավունք ունեն հասնել ընթերցողին։
«Եվ աբսուրդը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեր հանրությունը, որ ինտերնետի դարում իրենք փնտրում են տպագիր պոռնոգրաֆիա, իրենք փնտրում են տպագիր էքստրեմիզմ կամ տեռորիզմ, իրենք փնտրում են տպագիր սվաստիկա կամ սվաստիկա հիշեցնող... Ո՞ւր էր Հիտլերը, կամ ո՞ւր էր ձեր ճանաչումը Հիտլերի, երբ որ սվաստիկան մեր նշանն էր, ու ոչ միայն մեր. հավերժության նշանն է, արևի նշանն է, և Նորավանքի պատը՝ արևելյան պատը, ամբողջը սվաստիկա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն է սա ենթադրում, որին Հայաստանը միացել է տասը տարի առաջ։ Հիմնավորումն էլ՝ թե այդ գրքերը հնարավոր է վնասեն ԵԱՏՄ երկրների քաղաքական, տնտեսական և այլ շահերը։
Գրահրատարակիչն ապշած է՝ ինչպե՞ս կարելի էր տասը տարի շարունակ ոչ միայն չվերանայել այս դրույթները, այլև անգամ չհասկանալ, որ դրանք ժամանակավրեպ են, ավելորդ խնդիրներ են ստեղծում և հակասում են ազատ խոսքի մասին բոլոր պատկերացումներին։
«Օրինակ, Տելեգրամը՝ բավականաչափ գաղտնի, ինչ ասես անում են, ուղարկում են իրար, որոնցով կարան ինստրուկցիաներ փոխանցեն տեռորիստական, կամ, չգիտեմ, պոռնոգրաֆիկ նյութեր օգտագործեն կամ փոխանցեն, և այլն», - ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:
«Զինվորի տեղեկատու», «Պայթուցիկ նյութեր և պայթուցիչներ, ականներ և նռնակներ, ականանետեր և հրթիռներ, փոքր տրամաչափի զենքեր և զինամթերքներ», «ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի ուղեցույց՝ արտակարգ իրավիճակներում», «Քողարկման տեղաշարժի, ձեռնամարտի հմտություններ». Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան թվարկեցին բացասական եզրակացություն ստացած և Հայաստան չներմուծված տպագիր, աուդովիզուալ և այլ կրիչների վրա բովանդակությունը։ Երկրից թույլ չեն տվել արտահանել «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն», «ԱՍԱԼԱՆ ներսից» նյութերը։ Թե ինչ վտանգեր էին պարունակում դրանք, ԱԱԾ-ն չի մեկնաբանել։
Ծայրահեղական բովանդակություն ասելով՝ արդյոք սուբյեկտիվ մոտեցում չի՞ ցուցաբերվում, հաջորդ խնդիրն է բարձրացնում Մարտիրոսյանը. - «Մոխրագույնից տարբեր ես՝ արդեն ծայրահեղական ես: Հենց իրենց քիմքին հակառակ մի բան ես ասում, իրենց պատկերացումներին, կարող են հարձակվել: Մեզ 88-ին ասում էին էքստրեմիստ՝ "армянские экстремисты", մենք ցանկացած պահի էլի կարող ենք դառնա էքստրեմիստ»:
Տարիներ առաջ «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էր նաև հայտնել, որ ԱԱԾ-ն թույլ չէր տվել արտահանել Անդրանիկ Օզանյանի մասին գիրքը։ Նոր խոչընդոտների մասին թեև «Բուկինիստ»-ը հետո չի խոսել, սակայն «Անտարես»-ի ղեկավարը վստահ է՝ սա արդեն վառ օրինակ է, թե ինչպես են վիժեցվում հետագա գաղափարները։
«Բայց չենք խոսում էն մնացած, օրինակ, հարյուրավոր կամ հազարավոր գրքերի մասին, որոնք Խաչիկ Վարդանյանի փորձը բերեց նրան, որ էլ չի արտահանվում կամ փորձ չի արվում արտահանվել, կամ թարգմանել: Այնպես, ինչպես որ մեր գրողները Սովետի վերջում չունեին սամիզդատ», - ասաց «Անտարես»-ի ղեկավարը:
Սահմանին գրքերը «կարելիի և չի կարելիի» բաժանելուց բացի, ներքին գրաքննության են ենթարկվել անգամ սահմանը հատած ու երևանյան գրախանութներում վաճառվող ադրբեջանցի հեղինակների գրքերը։
Մեր փոքրիկ շրջայցի ժամանակ գրախանութներից մեկում խոստովանեցին՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցի հեղինակներին հանել են վաճառքից։ Սիրային և արևելյան ավանդույթների թեմաներով գրող Էլչին Սաֆարլիի երեք գիրք փոշի էր հավաքում մեկ այլ գրախանութի պահարանում։ Ադրբեջանում վաճառքից հանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլիի՝ 1918-20 թվականների ընթացում Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին պատմող գիրքը ևս այլևս հնարավոր չէ ձեռք բերել երևանյան գրախանութներում։