Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլն այսօր կավարտվի։ Գերմանիայում կայանալիք մրցաշար դուրս գալու բոլոր շանսերը կորցրած Հայաստանի ընտրանին Զագրեբում կխաղա խորվաթների հետ։ Դեղին քարտերի պատճառով հանդիպումը բաց կթողնի ավագ Վարազդատ Հարոյանը, թևկապը Էդուարդ Սպերցյանն է կրելու:
«Շատ հետաքրքիր խաղ է սպասվում, ուժեղ թիմի հետ։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք», - ասաց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Չնայած Եվրոպայի առաջնությունում հայտնվելու հնարավորության կորստին, Պետրակովը հանդիպմանն ընդառաջ ընդգծում է՝ մոտիվացիայի պակաս չունեն, իր սաների «սրտերը վառվում են». - «Պատրաստ ենք, սպասում ենք , աշխարհի ամենալավ թիմերից մեկի հետ ենք խաղալու։ Մենք սովորում ենք»։
Եվրո-24-ի ուղեգիր նվաճելու շանսից վերջնականապես չզրկվելու համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Ուելսի հետ խաղում հաղթանակ էր պետք: Շաբաթ օրը Հանրապետական մարզադաշտը մի քանի անգամ ոտքի ելավ՝ պատրաստվելով մի անգամ էլ գոռալ «գո՜լ»։ Հարվածները, սակայն, մեկ շեղ էին ստացվում, մեկ՝ բարձր, կամ էլ դարպասաձողն էր օգնության հասնում հյուրերին՝ Հայաստան-Ուելս՝ 1-1։
Մրցավարի վերջին սուլիչից հետո, անվան դիմաց ինքնագոլ գրանցած Նաիր Տիկնիզյանը գլուխն ափերի մեջ առնելով՝ արտասվում էր Թիմակիցներն էին փորձում սփոփել՝ ավագ Հարոյանը, Սպերցյանը։ Տրիբունաներն էլ են միացան. - «Տիկ-նիզ-յա՛ն, Տիկ-նիզ-յա՛ն...»:
Եվրո-24 դուրս գալու հնարավորությունը կորցնելուց հետո գլխավոր մարզիչ Պետրակովն էլ էր հուզված։ Վերջում արդեն ֆուտբոլիստները ծափահարեցին Հանրապետական ստադիոնը լցրած երկրպագուներին։ Հաջորդ անգամ այստեղ արդեն հաջորդ տարի կխաղան, ում հետ ու երբ՝ դեռ պարզ չէ։
«Մեր երազանքն այսօր մահացավ, ու ես զգում եմ իմ մեղքը: Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ցավալի է սա», -խաղից հետո գրեց Տիկնիզյանը:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան իր խնդիրը դեռ չի լուծել, տանտերերին հաղթանակ է պետք։ Զուգահեռ խաղում Ուելսն իր դաշտում կընդունի Թուրքիային։ Վերջինը Եվրո-24-ում իր տեղը վաղուց է ապահովել։