Քննչական կոմիտեից հայտնում են՝ պարզել են՝ ով էր օրեր առաջ փորձել հրդեհել Երևանում գտնվող հրեական սինագոգը։ Նա, ըստ իրավապահների, Հայաստանի քաղաքացի չէ ու դեպքից անմիջապես հետո լքել է Հայաստանը։ Որ երկրի քաղաքացի է ու ինչ ազգության, ինչպես է հրդեհի տեսանյութը հայտնվել ադրբեջանական Տելեգրամում ու լրատվամիջոցներում, արդյոք կասկածյալը որևէ կապ ունի Ադրբեջանի հետ՝ իրավապահները դեռ չեն մանրամասնում․ պատճառաբանում են՝ նախաքննություն է ընթանում։
«Անձի ինքնությունը, ըստ էության, կարելի է ասել` առկա տվյալներով պարզված է, և նաև տվյալներ են ստացվել, որ դեպքը կատարվելուց անմիջապես հետո վերջինս լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով. - «Նաև քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ անձը առերևույթ հրկիզումը կատարելուց հետո տեսանկարահանել էր այդ ամենը և տեղադրել տելեգրամյան ադրբեջանական ալիքներում, նաև X սոցիալական ցանցում էր տեղադրել»:
Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ հրդեհի փորձն արած անձը Ռուսաստանի քաղաքացի է։
Քրեական վարույթը նախաձեռնած Քննչական կոմիտեից հայտնում են՝ տվյալներ ունեն կասկածյալի քաղաքացիության մասին, սակայն դեռ չեն հրապարակում։
«Տվյալներ կան նաև՝ կոնկրետ որ երկրի քաղաքացի է, սակայն թույլ տվեք նախաքննության այս փուլում դրա վերաբերյալ որևէ տվյալ չհայտնել՝ նախ խտրական վերաբերմունքի, այսպես ասած, տպավորություն չթողնելու համար, երկրորդն էլ, ինչպես նշեցի, նախաքննությունը դեռ պետք է շարունակվի, դեռ հանգամանքները պետք է պարզվեն: Որոշակի տվյալներ կան՝ դրանք դեռ պետք է ստուգվեն, հաստատվեն, նոր դրանից հետո արդեն հնարավոր կլինի լիարժեք առաջացած հարցերի, կուտակված հարցերի պատասխանները տալ», - ընդգծեց Աբրահամյանը:
Ազգային կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները վնասելու հոդվածով է քրեական վարույթը նախաձեռնվել։ Քննությամբ Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու։ «Նկատի ունենալով, որ նշված հանցակազմով քննություններն իրականացվում են Ազգային անվտանգության ծառայության կողմից, մեր կողմից վարույթի նյութերն ուղարկվել են Դատախազություն, որպեսզի նրանք լուծեն քննչական ենթակայության հարցը, այսինքն՝ Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցելու հարցը», - ասաց Քննչական կոմիտեի խոսնակը:
Մինչ իրավապահները փորձում են պարզել հրդեհի իրական պատճառները, պաշտոնական Երևանից հայտարարում են՝ Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունեն:
Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է. - «Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով»:
Ըստ Հայաստանում հրեական համայնքի ռաբունապետ Գերշոն Մեիր Բուրշտեյնի՝ սա սինագոգի վրա երրորդ հարձակումն է այս աշնան ընթացքում։ Եթե նախորդ երկու դեպքերում ապակիներն էին վնասել, հեղուկ լցրել պատերին ու արագ հեռացել, ապա վերջին՝ հրդեհի փորձի ժամանակ դիմակավորված անձը կես ժամից ավելի տարածքում է եղել. տարածքի տեսախցիկներն են արձանագրել։
«Այդ երեք դեպքի հիմքը և դրա ուղղվածությունը եղել է դա, որ վարկաբեկեր Հայաստանը միջազգային շրջապատում», - «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Գերշոն Մեիր Բուրշտեյնը:
Հրեական համայնքի ռաբունապետը համոզված է՝ երեք դեպքն էլ սադրանք են եղել՝ ոչ միայն վարկաբեկելու Հայաստանին, այլև սրելու հայ - իսրայելական հարաբերությունները։ Այս ամենի մեջ դրսի ուժերի մատն է խառը, վստահ է Հայաստանում ծնված ռաբունապետը։
Ինքն այսքան տարիների ընթացքում Հայաստանում հակասեմականություն, հակահրեականություն չի նկատել։
«Կոմֆորտ եմ զգում, քանի որ ես ծնվել եմ այստեղ, և ինչքան էլ Իսրայելն է իմ պատմական երկիրը, Հայաստանը իմ ծննդյան վայրն է և իմ երկիրն է», - ընդգծեց Գերշոն Մեիր Բուրշտեյնը: