Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Այս մասին հայտարարել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Լրատվամիջոցների խնդրանքով անդրադառնալով Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքին, որը լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, Բադալյանը նաև ասել է. - «Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունեն»:
Նոյեմբերի 16-ին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Երևանում հրեական սինագոգի դռները:
Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերվող տվյալներից ելնելով կարող է նաև կատարվածին այլ իրավական գնահատական ևս տրվել, ասել էր Քննչականի խոսնակը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը»։
«Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ վերջինս ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու եղանակով կատարել է առերևույթ հանցագործություն, նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապակվել է «X» սոցիալական հարթակում», - մանրամասնել է ՔԿ-ն:
Հաշվի առնելով, որ նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենք, շինություն վնասելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ քրեական վերոնշյալ վարույթի նյութերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, երկու վարույթները միացվել են: Գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։