Մատչելիության հղումներ

«Արտդոկֆեստ»-ն այս տարի չի անցկացվի Երևանում՝ փառատոնի նախագահի ՖԲ գրառման պատճառով


«Արտդոկֆեստ» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկի, արխիվ
«Արտդոկֆեստ» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկի, արխիվ

Ռուսաստանում արգելված «Արտդոկֆեստ» կինոփառատոնն այս տարի չի անցկացվի Երևանում՝ այս նախագծի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան գրառման պատճառով։

«Փառատոնի նախագահ Վիտալի Մանսկին ոչ-կոռեկտ գրառում էր արել Ադրբեջանում անցկացվող վավերագրական նկարահանումների մասին։ Մեր հարցադրումներից հետո գրառումը հեռացվեց, և նա մեկնաբանեց, որ նկարահանումները հակապատերազմական են ու որևէ կապ չունեն Ադրբեջանի իշխանությունների հետ։ Բայց արդյունքում Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որտեղ պետք է ցուցադրվեին ֆիլմերը, չեղարկեց դիտումները», - պարզաբանել էր փառատոնը կազմակերպող «Կինոկլուբ Երևան»-ը։

Նոյեմբերի 8-ին, երբ Ադրբեջանը տոնում էր իր հաղթանակը 44-օրյա պատերազմում, ռեժիսոր Մանսկին Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից Ադրբեջանի դրոշի ֆոնին լուսանկար էր հրապարակել՝ գրելով այս տողերը. - «Արդեն երկրորդ անգամն է, որ «Հաղթանակի օրը» Ադրբեջանում եմ։ Առաջինից այնքան էի տպավորվել, որ հիմա եկել եմ նկարելու դրա շուրջ տոնակատարությունը՝ նոր ֆիլմի համար»։

Թեև ավելի ուշ նա ջնջեց այդ հրապարակումը, նոր գրառմամբ բացատրեց, թե Երևանից զանգել և ասել են, որ ճիշտ չեն հասկացել իրեն, և պատրաստ է գալ Երևան ու դեմ առ դեմ շարունակել այս ծանր խոսակցությունը խաղաղության մասին, այդուհանդերձ, Հայասատնում այլևս ռեժիսորին չեն սպասում։

«Արտդոկ»-ը հյուրընկալող Թատերականում վճռական են։ Թեև սա լավ հնարավորություն էր հենց իրենց ուսանողների համար՝ ծանոթանալ փառատոնի շրջանակում ցուցադրվող յուրօրինակ ֆիլմերին, սակայն հասարակական կապերի պատասխանատու Վովա Արզումանյանն ասաց՝ որոշումից հետ չեն կանգնելու:

«Ճիշտ չենք գտնում տարածք տրամադրել փառատոնի անցկացման համար: Մինչ օրս ոչ մի կապ չեն հաստատել, բայց մենք միջնորդ կազմակերպության հետ [«Կինոկլուբ Երևան». - խմբ.] կարող ենք իրագործել այլ ծրագրեր, որոնք արվեստի ոլորտում կարևոր նշանակություն կունենան: Եվ նաև պետք է ասեմ, որ առաջինը հենց իրենք տեղյակ պահեցին այդ գրառման մասին և մտավախություն ունեցան հյուրընկալելու ինստիտուտում», - նշեց Արզումանյանը:

Վերջին գրառման մեջ Մանսկին նաև ազդարարել էր, որ փառատոնի ընթացում ցուցադրվելու էր Արցախի պատերազմի մասին պատմող՝ Էդուարդ Գևորգյանի «Նինայի երեխաները» ֆիլմը, որն էլ հնարավորություն կտար քննարկումներ ծավալել այս թեմայով։ Քննարկումներ ծավալվեցին, սակայն՝ արդեն ռեժիսորի գրառման տակ։ Հայերը վրդովված են, ադրբեջանցիները ևս բացատրություն են պահանջում։

Փառատոնն անցած տարի էր «արտագաղթել» Հայաստան և կազմակերպիչը՝ «Կինոկլուբ Երևան»-ն այս քայլով որոշել էր ընդգծել, որ ազատ կինոն ապրելու իրավունք ունի՝ փաստացի նաև աջակցություն հայտնելով Մանսկուն, ում դեմ Ռուսաստանի Դաշնությունը քրեական գործ էր հարուցել, ապա՝ հետախուզում հայտարարել։

Ռեժիսորը հրապարակավ դեմ էր արտահայտվել Ուկրաինայի դեմ պատերազմին, մասնակցել հակապատերազման ցույցերին։

Ուշագրավ է, որ հենց պատերազմական թեմայով էլ սկսվել է Մանսկու կարեիան։ Իր առաջին ֆիլմերից մեկը նկարահանել է հենց Լաչինում, երբ Ղարաբաղյան պատերազմը նոր էր սկսվում, Սովետական Միությունը դեռ չէր փլուզվել։

Ֆիլմից պատմում էր՝ սարի վրա ադրբեջանական դպրոցն էր, ստորոտում՝ հայկականը. մի տեղ երեխաներին սովորեցնում էին, թե Ղարաբաղն իրենցն է, մյուսում էլ՝ թե Արցախը մերն է։ Մանսկին ասում է՝ այդ երեխաները հիմա արդեն 30-ն անց մարդիկ են, որոնք իրենց կյանքն են երևի տվել այդ անավարտ պատերազմին։

Հարցին, թե արդյոք ցանկություն կա՞ նորից գնալ Լաչին ու նոր ֆիլմ նկարել, ռեժիսորը դեռ մեկ տարի առաջ շատ հստակ պատասխանել էր. - «Հաշվի առնելով, որ Լաչինը հիմա Ադրբեջանի տարածքում է, ինձ մի տեսակ....չգիտեմ... Չեմ կարծում, որ հիմա այնտեղ կգնամ։ Չեմ կարծում»։

Մեկ տարի առաջ մեծանուն ռեժիսորը նաև ասել էր՝ երբ արդեն պատերազմ է, բոլոր մարդասիրական և խաղաղասիրական հայտարարությունները իրականում սադրանք ու դավաճանություն են. - «Պատերազմի ժամանակ մուսաները լռում են»:

Մանսկու ջնջված գրառումն արդյո՞ք մուսաների լռության մասին էր։

XS
SM
MD
LG