Մատչելիության հղումներ

Վիտալի Մանսկի․ «Ինձ համար վիրավորական է, որ ռուս ռեժիսորը դառնում է կասկածելի բան»


Ռուսաստանցի ռեժիսոր լինելը մեր ժամանակներում կասկածելի բան է և պարզաբանման կարիք ունի, Պրահայի Կարլի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է հայտնի ռուսաստանցի ռեժիսոր Վիտալի Մանսկին, երբ նրան ուսանողներին ներկայացնելով՝ հանդիպման վարողն օգտագործեց «ուկրաինացի ռեժիսոր» արտահայտությունը։

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մանսկին տեղափոխվել է Լիտվա և կացության իրավունք ստացել։

«Գուցե ռուս ռեժիսորը հիմա Նիկիտա Միխալկովն է, իսկ նրանք, ովքեր այլ բան են նկարում, արդեն ռուս ռեժիսորներ չեն։ Ես դեմ չեմ լինել ուկրաինացի ռեժիսոր՝ ես ծնվել եմ Ուկրաինայում, չեխ ռեժիսոր՝ իմ նոր ֆիլմը չեխական փառատոնում է ներկայացվում որպես չեխական արտադրանք․․․ դեմ չեմ լինել որևէ այլ ռեժիսոր, բայց ինձ համար վիրավորական է, որ ռուս ռեժիսորը դառնում է կասկածելի բան: Սերգեյ Լոզնիցան, Կիրա Մուրատովան ընդգծում են, որ իրենք ուկրաինացի ռեժիսորներ են։ Ինձ էլ, քանի որ այս լսարանում ոչ ոք չգիտի, ներկայացնում են որպես ուկրաինացի ռեժիսոր։ Ռուսաստանցի ռեժիսորը բացատրման կարիք ունի, նոր լեզու է ստեղծվում, ու դա իրականում վատ է ու, ցավոք, դեռ երկար կշարունակվի այս վիճակը», - ասել է Վիտալի Մանսկին։

Ռուսաստանցի ռեժիսորը Պրահայում մասնակցելու է իր վերջին՝ «Արևի տակ» ֆիլմի պրեմիերային, որը կայանալու է «Մեկ աշխարհ» կինոփառատոնի շրջանակներում։ Նա պատմել է, որ այդ ֆիլմը նկարահանվել է Հյուսիսային Կորեայում, քանի որ իրեն՝ որպես ռեժիսորի, հետաքրքրում են տոտալիտար համակարգերը։ Դրանց միջոցով Մանսկին փորձում է ավելի լավ հասկանալ նաև նախկինում գոյություն ունեցած ռեժիմները, մասնավորապես՝ ստալինյան ռեժիմը։

Համալսարանում ուսանողներին ցուցադրվել է 2013 թվականին արտադրված «Խողովակաշար» ֆիլմը․ դրանում Մանսկին պատկերում է Սիբիրից Արևմտյան Եվրոպա արտահանվող գազի ուղին և այդ ճանապարհի շուրջ ապրող համայնքների կյանքը։ Խոսելով այդ ֆիլմից՝ Մանսկին ասել է, որ գազի խողովակը միակ ֆիզիկական բանն է, որը միավորում է Արևմուտքը Ռուսաստանի հետ, մնացած ամեն ինչ բաժանարար է։

«Ֆիլմի դրվագներից մեկում մի ծեր կին է խոսում, որ հիմա ապրում է Սիբիրում։ Նրանք օրվա մեջ մի անգամ են էլեկտրաէներգիա ստանում, հիմնականում «Վրեմյա» լուրերի ծրագիրը նայելու համար։ Այդ կինն իր ողջ կյանքը ծառայել է երկրին։ Հիմա ապրում է այդ պայմաններում, ու ոչ մի չարություն չկա նրա մեջ։ Կան նաև այդպիսի մարդիկ Ռուսաստանում։ Ռուսաստանը այդ 86 տոկոսը [ըստ հարցումների՝ Պուտինին սատարող․ խմբ.] չէ միայն», - ասել է Մանսկին։

Հանդիպումից հետո ռեժիսորը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին։

«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք սահմանում հետխորհրդային ժամանակաշրջանը։ Ի՞նչն է միավորում հետխորհրդային երկրներին։

Մանսկի․ - Ռուսական կայսրությունը պատահաբար չի առաջացել, դա պատմական տրամաբանության արդյունք էր, և ձեզ՝ որպես հայաստանցու, դա պետք է որ ակնհայտ լինի սեփական ազգի պատմության հիման վրա։ Պոստսովետը նուրբ թեմա է։ Օրինակ՝ Հայաստանը, Ռուսական կայսրություն մտնելով, պահպանեց մի քանի միլիոն քաղաքացիների։ Բայց, իմ կարծիքով, Ռուսական կայսրությունը իր պատմական ֆունկցիան կատարել է, իսկ այսօր այն մի գործոն է դարձել, որը խոչընդոտում է ոչ միայն հենց Ռուսաստանի զարգացումը, այլև Ռուսաստանի շահերի շրջանի երկրների զարգացումը։

Ինչ եմ ուզում ասել՝ պատերազմներ դեռ կլինեն։ Կայսրությունները երկար և դժվար են կառուցվում և ոչ պակաս երկար ու արյունալի վախճան են ունենում։ Կայսրությունը չի տապալվել 1991-ին Կրեմլից կարմիր դրոշի իջեցմամբ։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի իրադարձությունները սկիզբն են կայսրության անկման, և հնարավոր է, որ ամենակրիտիկականն են, որ կտեսնենք մենք կամ մեր հաջորդ սերունդը։

«Ազատություն»․ - Դժվա՞ր է արդյոք ռուսաստանցու համար՝ չլինել կայսերապաշտ։

Մանսկի․ - Կայսերապաշտությունը թուլություն է։ Կայսրության ցանկացած մարդ կայսերապաշտ է, նույնիսկ եթե մենք չենք քվեարկում հօգուտ կայսրության, մենք զգում ենք այն ֆանտոմային ցավի պես՝ ձեռքը չկա, բայց ցավը զգում ես։ Դրա հետ պետք է ապրել. պետք է լինել ուժեղ այդ ցավը տանելու համար։ Իսկ ուժեղ մարդիկ քիչ են։ Դրա համար Ռուսաստանում կայսերապաշտական տրամադրությունները շատանում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG