Մատչելիության հղումներ

Ուկրաինացի որոշ օդաչուներ արդեն վարում են F-16 տեսակի մարտական ինքնաթիռներ


F-16 կործանիչները, արխիվ:
F-16 կործանիչները, արխիվ:

Ամերիկյան արտադրության F-16 կործանիչներով աշխատելուն պատրաստվող ուկրաինացի օդաչուներից մի քանիսը հրահանգիչների հսկողությամբ արդեն վարում են այդ ինքնաթիռները։ Տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Իգնատը։

«Օդաչուներն արդեն սովորում են անմիջապես երկնքում, ոչ բոլորն, իհարկե: Որոշ օդաչուներ արդեն վարում են ինքնաթիռները՝ հրահանգիչների հսկողությամբ»,- ասել է Իգնատը:

Նրա խոսքով՝ ուկրաինացի օդաչուների պատրաստման գործընթացն ընթանում է ըստ նախապես հաստատված ծրագրի։

Հոկտեմբերի 22-ին նա հայտնել է, որ ուկրաինացի օդաչուներն առաջիկայում կավարտեն վարժանքներն ուսումնական սարքերով և կտեղափոխվեն իրական օդանավեր:

Նրա խոսքով՝ ինքնուրույն վարումը հնարավոր կլինի միայն հրահանգիչների հսկողությամբ ուսուցման փուլի ավարտից հետո: Իգնատը չի նշել, թե քանի ուկրաինացի օդաչուներ են պատրաստվում վարել F-16 կործանիչները և որ երկրում է տեղի ունենում նրանց ուսուցումը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը նշել է, որ F-16 կործանիչները կարող են Ուկրաինային փոխանցվել 2024 թվականի գարնանից ոչ շուտ։ Կիևը հուսով է, որ այդ կործանիչները գործընկերներից կստանա 2024 թվականի առաջին կիսամյակում:

XS
SM
MD
LG