Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդաժողովում պնդել է, թե ուկրաինացիները ռազմի դաշտում պարտություն են կրում, իսկ Արևմուտքից ակնկալվող ամերիկյան կործանիչները 20 օր էլ չեն դիմանա:
«Մեր ՀՕՊ-ը հաջող է աշխատում: Անցած ամիս թշնամու 1400 օդային թիրախ է ոչնչացրել, այդ թվում՝ 37 ինքնաթիռ և 6 ամերիկյան հրթիռ: 37 ինքնաթիռն Ուկրաինա ուղարկվելիք F-16 կործանիչների գրեթե կրկնապատիկն է, հետևաբար, մեր ՀՕՊ-ի արդյունավետությունը թույլ կտա դրանք մոտ 20 օրում ոչնչացնել», - ասել է Շոյգուն:
Նա հավաստիացրել է, որ ուկրաինական ուժերը հյուծվում են, իսկ ռուսները շարունակում են առաջխաղացումը:
Միացյալ Նահանգները հավանություն է տվել Դանիայի, Նիդերլանդների և այլ երկրների կողմից Ուկրաինային F-16 տեսակի կործանիչներ փոխանցելուն:
Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվի այդ տեխնիկայով աշխատելու ուկրաինացի օդաչուների ուսուցումը:
Այսօրվա դրությամբ Ուկրաինան ունի հիմնականում խորհրդային արտադրության մարտական ինքնաթիռներ: