Մատչելիության հղումներ

Ադրբեջանն անկախացումից ի վեր առաջին անգամ ռազմական շքերթ անցկացրեց Ստեփանակերտում


Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանական բանակի շքերթը Ստեփանակերտում, 8-ը նոյեմբերի, 2023թ.
Լեռնային Ղարաբաղ - Ադրբեջանական բանակի շքերթը Ստեփանակերտում, 8-ը նոյեմբերի, 2023թ.

Ադրբեջանի բանակն այսօր՝ անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ, ռազմական շքերթ անցկացրեց Ստեփանակերտի հրապարակում, որը չորս կողմից ադրբեջանական դրոշներով էր զարդարված։ Զորահանդեսն ընդունում էր նախագահ Ալիևը, ինչպես նախորդ տարիներին՝ այս անգամ էլ զինվորական համազգեստով, պաբերաբար բռուցքը վեր պարզած, չթաքցնելով, որ շատ վաղուց է սպասել այս օրվան։

«Միջնորդները փաստացի փորձում էին սառեցնել իրավիճակը։ Կարծում էին, թե Ադրբեջանի ժողովուրդը կհաշտվի այս իրադրության հետ։ Բայց ես հայտարարում էի տարբեր հարթակներից, որ եթե բանակցություններն արդյունք չտան, մենք ուժի գործադրմամբ և միջազգային իրավունքի հիման վրա կազատագրենք մեր պապենական հողերը», - հայտարարեց նա։

Մոտ կես ժամանոց ելույթում Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմը հիշեց, պնդեց՝ իր զորքը դեռ այն ժամանակ կարող էր անարգել մտնել Ստեփանակերտ, սակայն ինքը որոշել է առավել խելամիտ գտնվել և նպատակներին հասնել առանց նոր ու մեծաթիվ կորուստների։ «Այն ժամանակ մենք գիտակցված ընտրություն արեցինք՝ որոշելով դադարեցնել պատերազմը։ Եվ այն, որ մենք այսօր այստեղ՝ կենտրոնական հրապարակում ռազմական շքերթ ենք անցկացնում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ճիշտ ու խելամիտ քայլ էր դա», - պնդեց Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարեց, թե «հիմա արդեն Ադրբեջանը հասել է բոլոր նպատակներին և նոր պատերազմ չի ուզում Հայաստանի հետ», միաժամանակ ընդգծեց՝ շարունակելու է բանակի հզորացումն ու ամրապնդումը։

«Մենք բոլոր խնդիրները լուծել ենք, բայց հարցերը, որոնք վերաբերում են բանակաշինությանը, առաջիկայում ևս կմնան մեզ համար առաջնային։ Թող յուրաքանչյուրն իմանա, որ այսուհետ մեզ հետ պետք չէ կատակել․ մենք ենք թելադրողն այստեղ», - ասաց Իլհամ Ալիևը:

Թեև անցած երեք տարիներին Բաքուն հայտարարում է հաշտեցման ու խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանի նախագահն այսօր էլ Հայաստանի մասին խոսելիս «թշնամի» բառն էր օգտագործում և պնդում՝ իրենց «հաջողվել է ծնկի բերել հարևան երկրին»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր բանակի հզորացման գործը ոչ մի րոպե չի կանգնել, և դա արվում էր անթաքույց։ Մենք աստիճանաբար բարելավեցինք մեր կարողությունները և մի շարք միջոցառումների արդյունքում հիմա արդեն ամենաբարենպաստ դիրքերն ունենք Հայաստանի հետ սահմանին։ Այժմ իրավիճակն այնտեղ մեր վերհսկողության տակ է», - հայտարարեց Ալիևը։

Պաշտոնական Երևանը պնդում է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ռազմական ուժով Հայաստանից տարածքներ է օկուպացրել, որոնց վերադարձի հարցը պետք է որոշվի խաղաղության պայմանագրով, կամ՝ դրանից առաջ։ Ալիևը, սակայն, այսօր էլ շարունակում էր պնդել, թե ադրբեջանական բանակն իր ռազմական գործողություններով պատմական արդարությունն է վերականգնել։

Հաղթանակի առթիվ այսօր Ադրբեջանին շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրներ, այդ թվում՝ եղբայրական Թուրքիան։ «Մենք կշարունակենք ձեր կողքին մնալ», - գրել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով. - «Մենք կհասնենք Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման։ Մենք միասին կձեռնարկենք կայունությանը տանող բոլոր քայլերը, ինչպես որ դա արել ենք մինչ օրս»։

XS
SM
MD
LG