Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի դատարանի այսօրվա որոշմանն է անդրադարձել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Անահիտ Մանասյանը X-ի իր էջում գրել է, որ դատավարության ընթացքում չեն հարգվել միջազգային իրավական նորմերն ու մարդու իրավունքների երաշխիքները։ Պաշտպանը հորդորել է միջազգային կազմակերպություններին անհապաղ արձագանքել։
Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանցիներն առևանգեցին Հակարիի կամրջից, երբ նա ամռանը Արցախից Հայաստան էր գալիս սրտի բաց վիրահատության համար:
Բաքուն արցախցուն մեղադրում է «ցեղասպանության» հոդվածով, մասնավորապես՝ «1991-ին Մեշալի գյուղի վրա զինված հարձակման համար, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։
Փաստացի իր շահերը միայնակ պաշտպանող Վագիֆ Խաչատրյանը դատարանում բազմիցս հերքել է իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին, պնդելով՝ ինքն այդ օրերին գտնվում էր Շուշիի բանտում։
«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ», - այսօր էլ ասաց նա։
Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել: