Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր ժամը 15։00-ին արտահերթ նիստ կգումարի։
Ըստ ԿԸՀ-ի՝ օրակարգում ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու և Երևանի Ավագանու անդամին մանդատ տրամադրելու մասին արձանագրություններ կազմելու հարցերն են։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի փաստաբանները երեկ հայտարարեցին, որ «նոյեմբերի 6-ին Լևոն Քոչարյանը ստանալու է պատգամավորի կարգավիճակ, և գրեթե երկու ամիս ապօրինի կալանքը ենթակա է վերացման»։
Նոյեմբերի 3-ին «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երեք պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը, ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել: Ընտրական ցուցակում հաջորդը երկրորդ նախագահի որդին է, որ գրեթե երկու ամիս կալանավորված է, ըստ փաստաբանների՝ ապօրինի՝ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման հանցակազմով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի շրջանակներում արձանագրվելու է Լևոն Քոչարյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատ ստանալը, տեղի է ունենալու վաղը, հայտարարել էին փաստաբանները՝ նշելով, որ «Լևոն Քոչարյանը նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»։
Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ: