Մատչելիության հղումներ

ԱԱԾ հատուկ ստորաբաժանումը երեկվանից սկսել է գործել․ Փաշինյան


Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կազմում ստեղծվել է և երեկվանից գործում է հատուկ ստորաբաժանում՝ ապահովելու Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների անվտանգությունը, այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ներկայացրել էի, որ մենք նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ-ի կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների՝ այն է ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը ապահովելը։ Այդ ստորաբաժանումն արդեն ստեղծված է, շոշափելի մասով համալրված է և երեկվանից սկսել է իր աշխատանքը», - ասաց Փաշինյանը։

Օրերս խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկմանը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են և 3 -րդ սկզբունքի համաձայն՝ բացվում են տարաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։

«Կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրը իր տարածքում ապահովում է ընդհանուր առմամբ կոմունիկացիաների անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին», - ասաց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որը պետք է ապահովի հենց այդ կոմունիկացիաների անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG