Մատչելիության հղումներ

Փաստաբաններն ահազանգում են՝ սեպտեմբերին փողոց դուրս եկած ցուցարարներին իրավապահները պահում են կալանքի տակ


Փաստաբաններն ահազանգում են՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերին փողոց դուրս եկած ցուցարարներին իրավապահները պահում են կալանքի տակ՝ չխնայելով անգամ անչափահասներին։

16-ամյա Սամվել Միրզոյանն անազատության մեջ է հոկտեմբերի 18-ից։ Արցախցի միակողմանի ծնողազուրկ տղան մեղադրվում է զանգվածային անկարգությունների մասնակցելու համար։ Մեղքը չի ընդունում։ Ըստ փաստաբանի՝ երիտասարդը սրտի խնդիր ունի, բայց դատարանն այդ փաստարկը հաշվի չի առել, մերժել է նաև տնային կալանք տալու միջնորդությունը։

«Այստեղ կասկած չկա, որ սա քաղաքական ենթատեքստ կրող վարույթ է, և որոշումը նաև անկասկած քաղաքական բնույթի է», - ասաց պաշտպանը:

Փաստաբան Աբգար Պողոսյանը մի շարք փաստարկներ է ներկայացնում իր տեսակետը հիմնավորելու համար՝ առաջին․ դատարանն ընտրել է անչափահասի համար նախատեսված ամենախիստ միջոցը՝ մեկամսյա կալանքը, հիմք ընդունելով մեղադրող կողմի պնդումները, թե հակառակ դեպքում նա կարող է ազդել գործով անցնող անձանց վրա։ Իսկ գործով անցնող անձինք հիմնականում ոստիկաններ են, ասում է փաստաբանն ու տարակուսում՝ իրավապահ համակարգի աշխատակիցներն այնքան թույլ են, որ կարող են տեղի տալ անչափահասի ճնշումների տա՞կ։

«Վարույթի առանցքային գործոնները տեսաձայնագրություններն են, որոնք արդեն գտնվում են Քննչական կոմիտեի տիրապետման ներքո: Այսինքն, դա հանրահայտ փաստ է, տեսաձայնագրությունները տարբեր լրատվականների ուղիղ եթերները և կառավարության շենքի տեսաձայնագրող սարքերը: Այստեղ բացարձակ անտրամաբանական է՝ ինչպես կարող է, օրինակ, այդ տեսաձայնագրությունների զննության վրա ազդել անչափահասը կամ ոստիկանների», - ասաց Աբգար Պողոսյանը:

Միրզոյանին ներկայացված մեղադրականում, ըստ փաստաբանի, նշվում է, որ նա ֆիզիկական բռնություն է կիրառել, բայց թե ո՞ւմ նկատմամբ՝ չի հստակեցվում։ Որպես ապացույց ներկայացված տեսանյութերում ևս հարցի պատասխանը չկա, փաստաբանը դրանք ուսումնասիրել, բայց Սամվելին այդպես էլ չի գտել։

«Այստեղ խնդիրը հնարավորինս շատ մարդ կալանավորելն է և նաև դրանով վախի մթնոլորտ ստեղծելը, որովհետև եթե ուշադրություն դարձնենք Քննչական կոմիտեի հայտարարություններին, հայտարարությունները հիմնականում այսպիսին են՝ հավաքի հերթական մասնակիցը կալանավորվեց, այսինքն, անձանց մոտ, հասարակության մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ինքնին հավաքին մասնակցելը հետագայում կարող է կալանքի հիմք հանդիսանալ», - ասաց փաստաբանը:

Քննչական կոմիտեից, սակայն, շարունակում են պնդել՝ ամեն ինչ արվում է օրենքով։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ընտրովի արդարադատություն իրականացնում, հերքեց այդ պնդումը:

«Թույլ տվեք ձեր դիտարկումը չկիսել, Հայաստանի Հանրապետությունում եթե երբևէ եղել է ընտրովի արդարադատություն, ապա դա վաղուց պատմություն է: Ձեր վկայակոչած դեպքերի մի մասը դեռ քննության փուլում է, մի մասով չեմ բացառում, որ քննությունն ավարտվել է: Եթե հստակ, կոնկրետ դեպքեր են հետաքրքրում, հետևաբար ես Քննչական կոմիտեի ողջ վարույթին չեմ տիրապետում», - ասաց Քյարամյանը՝ պատասխանելով Տաթևիկ Վիրաբյանի մասին հարցին:

Արդեն մեկ ամիս է՝ կալանքի տակ է նաև արցախցի Տաթևիկ Վիրաբյանը։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով, երկու անչափահաս երեխաների մայրը բանտում վերջերս ուշագնաց է եղել։

«Սթրեսներ են, էս պայմաններն են, իրավիճակն է, չկա մի այնպիսի հիվանդություն, որ ասենք՝ այ սնեց հիվանդություն ունի, դրա համար», - նշեց Բաբայանը:

Տաթևիկ Վիրաբյանը մեղադրվում է զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և այդ անկարգություններին մասնակցելու համար։ Նա ևս մեղքը չի ընդունում։ Փաստաբանը օրենքն է մեջբերում, ըստ որի զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով, հրազեն կամ պայթուցիկ նյութեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցիչն զինված դիմադրություն ցույց տալով մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը: Ըստ փաստաբանի, մինչդեռ, իր պաշտպանյալը ֆեյսբուքյան գրառումից բացի, միայն ջուր է փոխանցել մեկին, ինչն էլ իրավապահները բնութագրել են որպես շիշ նետել։

«Կա ընդվզում անելու կոչ, ըստ էության, կոչ էլ չի, իր մտահոգությունն է, այսպես ասած, բայց հաշվի առնելով, որ իր վերջո եթե այս գործն իրենք կարողանան հասցնել դատարան, դատարանում արդեն կքննարկենք ամեն բառի նշանակությունը՝ ինչքանով էր դա կոչ, ինչքանով էր դա բռնության կոչ և այլն», - ընդգծեց Արսեն Բաբայանը:

Բանտերում դիտորդություն իրականացնող Զարուհի Հովհաննիսյանը դեռ շաբաթներ առաջ էր ահազանգել, որ սեպտեմբերյան հանրահավաքների մասնակիցների մեծ մասը՝ երիտասարդները, կալանքի տակ են, ինչը վատ ազդեցություն կարող է թողնել նրանց ապագայի վրա։

Հովհաննիսյնանը կրկին հիշեցնում է, որ 2022-ից օրենքը փոխվել է և իրավապահները կարող են որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը. - «Ազատությունից զրկելու միջոցով մարդուն հնարավոր է թե՛ որոշակիորեն կոտրել, թե՛ որոշակիորեն մերձեցնել նաև քրեական ենթամշակույթին, ինչը ևս անընդունելի է, մասնավորապես, երիտասարդների դեպքում, որոնք ուսանողներ են և որոնց ինքնությունը դեռևս ձևավորման փուլում է և արժեքային համակարգի վրա կարող է խորը հետքեր թողնել կալանավորումը»:

Վաղը Քննչականը նոր վիճակագրություն կհրապարակի, մինչ այդ եղած տվյալներով՝ կառավարության մոտ տեղի ունեցածի առնչությամբ կա 35 գործ, 48 մեղադրյալ, նրանցից 31-ը կալանքի տակ են։ Մեղադրյալների շարքում են նաև ցուցարարներ, որոնց մոտ իրավապահները սառը զենք են հայտնաբերել կամ նրանք, որոնք քարեր ու շշեր են նետել կառավարության շենքի վրա՝ ջարդելով ապակիները։

«Խնդիրը վախի մթնոլորտ ստեղծելն է». Փաշինյանի հրաժարականը պահանջած 31 ցուցարար դեռ կալանքի տակ է
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG