Ի՞նչ կարողություններ ունեն Իլհամ Ալիևի դուստրերը, որոնց պատկանող ընկերությունները տարիներ շարունակ հայտնվում են միջազգային հետաքննությունների կիզակետում. Google-ը հարցին անմիջապես է պատասխանում՝ առաջարկելով բազմաթիվ փաստական տվյալներ ու մանրամասներ։ Ադրբեջանի հարկային ծառայության պաշտոնական կայքէջը, սակայն, նախագահական ընտանիքի բիզնես գործունեության հետքերը փակի տակ է պահում։
Հարկատուների գլխավոր բազայում, օրինակ, որևէ բառ չկա երկրի ամենախոշոր ընկերության՝ Pasha Holding-ի վերաբերյալ, որը կապվում է Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ընտանիքի հետ։
Հոլդինգի պաշտոնական կայքում նշվում է, որ այն առաջատարն է Ադրբեջանում հյուրանոցների, բանկային, ապահովագրական, անշարժ գույքի, շինարարության և այլ ոլորտներում։ Վերջին տարիներին նույն այդ հոլդինգը Ադրբեջանի բյուջեից միլիոնավոր դոլարներ է ստացել Ղարաբաղում ու շրջակա տարածքներում խելացի գյուղեր ու ագրոպարկեր կառուցելու համար։ Աշխատակիցների թիվն անցնում է քսան հազարից, տարեկան շահույթը միլիարդների է հասնում, բայց հարկային պաշտոնական փաստաթղթերում հոլդինգի մասին որևէ տվյալ չկա։
«Ազատության» ադրբեջանական ծառայությունը պարզել է՝ հանրության աչքից թաքցվող, արտոնյալ ընկերությունների ցանկը կարելի է երկար թվարկել՝ «Bless LLC», «Ideal Business Co», «Prime Estates», «Euro Standard», «Callina, Klovan»։ Բոլորն էլ այս կամ այն կերպ կապվում են Ալիևի ընտանիքի հետ և հիմնականում գրանցված են նույն հասցեում՝ Նեֆթչիլար պողոտա, 153։
Զարմանալի զուգադիպությամբ նույն այդ հասցեում է գրանցված «Pasha» հոլդինգի գլխավոր գրասենյակը, շենքն էլ պատկանում է «Port Baku Pasha Holding»-ին։ Այստեղ աշխատող ընկերություններից մեկին է պատկանում «Pasha Bank»-ի բաժնետոմսերի 85 տոկոսը։ Անցյալ տարվա ֆինանսական հաշվետվության համաձայն՝ բանկի հիմնական կառավարիչները Լեյլա և Արզու Ալիևաներն են՝ Ադրբեջանի նախագահի դուստրերը։
Իսկ ինչո՞ւ է հարկայինը պաշտոնական կայքից հանել մասնավոր հատվածում հասանելի տեղեկությունը։ Լրագրողների հարցին պետական գերատեսչությունը չի պատասխանել։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմադովն ի պատասխան հայտարարել է, թե չի հավատում, որ այդ ընկերությունների մասին տեղեկատվությունը պետական ռեգիստրում առկա չէ։
«Հնարավոր է՝ տեխնիկական վրիպակ է եղել, ես տեսել եմ խոշոր ընկերություններ, միջին ընկերություններ, փոքր ընկերություններ, բոլորն էլ գրանցամատյանում են, հարկեր են վճարում», - ասել է նա։
Տնտեսագետ Զոհրաբ Իսմայիլը հակադարձում է՝ եթե տեխնիկական վրիպակ է, թող վերացնեն, հակառակ դեպքում դա ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության սկզբունքների, այլև օրենքի խախտում է. - «Որովհետև բոլոր ընկերությունների ռեգիստրի տվյալները բաց տվյալներ են և պետք է լինեն գրանցամատյանում։ Գոնե օրենքով այդպես պետք է լինի։ Ադրբեջանում ավելի քան 10 տարի է՝ կոմերցիոն գաղտնիք է համարվում՝ ով է ընկերության հիմնադիրը։ Սա էլ այլ խնդիր է, և եթե որևէ երկրում պետությունը նպատակ ունի պայքարել կոռուպցիայի դեմ, նա պետք է տիրապետի այդ տեղեկատվությանը։ Սա կոռուպցիայի դեմ պայքարի այբբուբենի «Ա»-ն է»։
Տնտեսագետը պատահական չի համարում օրենսդրական այդ փոփոխությունը, նրա համոզմամբ՝ իշխանությունն այդ քայլին է դիմել ընկերությունների հիմնադիրներին լրագրողներից, անկախ կազմակերպություններից պաշտպանելու համար։
Ադրբեջանի նախագահը միջազգային հարթակներում շարունակ հավաստիացնում է, թե իր երկիրը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղում։ Ավելին՝ Ադրբեջանի առաջնորդը վերջերս սկսել է Հայաստանին, իր հայ ընդդիմախոսներին, մասնավորապես Բաքվի բանտերում պահվող Արցախի իշխանության ներկայացուցիչներին կաշառակեր ու թալանչի անվանել։
Մինչդեռ վերջին երկու տասնամյակներին Իլհամ Ալիևի կողմից կառավարվող Ադրբեջանը, ըստ Transparency International-ի, շարունակում է մնալ աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը․ անցյալ տարվա այդ կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսում Ադրբեջանը 157-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի 180 երկրների ցանկում։