Ադրբեջանի նախագահի որդին 9 տարեկանում դարձել է շքեղ առանձնատան սեփականատեր՝ մերձոսկովյան ամենահարուստ և թանկարժեք թաղամասերից մեկում՝ Ռուբլյովկայում, Դմիտրի Մեդվեդևի կեցավայրի հարևանությամբ, պնդում է ռուս հետաքննող լրագրողների նոր ուսումնասիրությունը: «Պրոյեկտ» նախագծի հետաքննությունը վկայում է՝ կրտսեր Ալիևի տունը գտնվում է «Մայենդորֆի այգիներ» կոչվող ամառանոցային ավանում, ուր բնակվում են, ըստ «Ֆորբս»-ի ցուցակի, Ռուսաստանի ամենահարուստ, միլիարդատեր գործարարները:
Հենց այս ավանում է գտնվում նաև հանրահայտ ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով կառուցված՝ աշխարհում առայժմ միակ սեփական առանձնատունը: 2008-ին, հենց այստեղ՝ Մեդվեդևի՝ Մայենդորֆ ընդունելությունների տանն էր, որ նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը ստորագրեցին հռչակագիր՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահը, թերևս, այդ հանդիպմանը մասնակցելու համար ստիպված չէր երկար ճանապարհ կտրել-անցնել», - նկատում են ռուս հետաքննող լրագրողները, փաստելով՝ նրա անչափահաս որդու անունով գրանցված առանձնատունը գտնվում է Մեդվեդևի կեցավայրից մի քիչ հեռու: Ըստ հրապարակման, Ալիևների այդ տունը զբաղեցնում է մոտ 1500 քառակուսի մետր տարածք՝ ավելի քան 7 հազար քառակուսի մետր հողակտորով:
Ավանը կառուցապատող ընկերությունը ինտերնետային կայքում խոստանում է խստագույնս գաղտնի պահել՝ որքան են գնորդները վճարել գույքի համար, ինչպես նաև երաշխավորել՝ օտար մարդիկ ու լրատվամիջոցներ ներս չեն կարող գալ:
Ավանն արտաքին աշխարհից բաժանված է հսկիչ անցակետով, որտեղ հերթապահող թիկնապահները հետաքննող լրագրողների հետ զրույցում խոստովանել են՝ սեփականատերերի անունները չգիտեն, շատերին նույնիսկ դեմքով չեն ճանաչում, միայն շքեղ մեքենաներն են տեսել՝ մթնեցված ապակիներով: Այստեղ գրեթե յուրաքանչյուր առանձնատան հարևանությամբ մի փոքրիկ տուն էլ կա՝ հատուկ թիկնազորի համար: Ալիևների թիկնապահների համար, օրինակ, առանձնացված է մոտ 200 քառակուսի մետրանոց տարածք, պատմում են լրագրողները:
Ընդ որում, սա Ալիևների միակ սեփականությունը չէ հանրահայտ այս ավանում՝ Մայենդորֆի այգիներում մոտավորապես նույն չափի՝ 7 հազար քառակուսի մետրանոց հող ու հսկայական տուն ունի նաև Ադրբեջանի նախագահի ավագ դուստրը՝ Լեյլան, ով բազմամիլիոնանոց սեփականության տեր է դարձել 20 տարեկանում:
Ի տարբերություն Լեյլայի, Ալիևի որդին տունը ոչ թե գնել է, այլ՝ նվեր ստացել մորական պապից՝ Արիֆ Փաշաևից, համենայն դեպս՝ առուվաճառքի նախնական պայմանագիրը նրա անունով է ձևակերպված: «Քանի որ գործարքը կնքվել է 2007-ին, դժվար է կանխատեսել՝ որքան է Ալիևի խնամին վճարել դրա դիմաց, սակայն այսօր այդ հողակտորն ու տունը գնահատվում են մոտավորապես 35 միլիոն դոլար», - փաստում է հետաքննությունը:
Շատերը գուցե հարցնեն՝ որտեղի՞ց Արիֆ Փաշաևին նման կարողություն, եթե հաշվի առնենք, որ նրա ողջ գերդաստանը Ադրբեջանում հայտնի է որպես մտավորականների ընտանիք, որի սերունդները, որպես կանոն, զբաղվել են միայն գիտությամբ: Իլհամ Ալիևի իշխանավարության տարիներին, սակայն, առաջին տիկնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մտավորական այդ ընտանիքը սկսել է լուրջ հաջողություններ գրանցել նաև բիզնեսում: Այսպես, ըստ հետաքննության, Մեհրիբանի զարմիկն այժմ ղեկավարում է «Փաշա» հոլդինգը, որը կառավարում է նախագահական ընտանիքին պատկանող ակտիվները, այդ թվում՝ ապահովագրական, շինարարական ընկերությունները, հինգաստղանի հյուրանոցների ցանցն ու ներդրումային Pasha Capital ընկերությունը: Այս հոլդինգի կազմում նաև երկու բանկ կա, որոնց կապիտալի գերակշռող մասը պատկանում է Ալիևի դուստրերին, մի մասն էլ՝ գիտնական պապին:
Ավելի վաղ, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ուսումնասիրությունը փաստել էր, որ Ալիևների և Փաշաևների կլանը սեփական տներ ունի նաև Չեխիայի Կարլովի Վարի առողջարանային քաղաքում ու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որոնց գները հասնում են տասնյակ միլիոն դոլարների:
Հետաքննող լրագրողները դիմել են այս պատմության բոլոր հերոսներին՝ տեղեկությունները հերքելու կամ հաստատելու խնդրանքով, սակայն որևէ մեկից արձագանք չեն ստացել:
Փաստացի, ըստ Ադրբեջանի օրենսդրության, նախագահի թեկնածուները պարտավոր են իրենց եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ու թեեև վերջին նախագահական ընտրություններից անցել է արդեն մոտ մեկ տարի, այդ փաստաթղթերն այդպես էլ չեն հրապարակվել: Մի շարք թեկնածուներ հայտարարագրերը հրապարակել էին սեփական նախաձեռնությամբ, բայց՝ ոչ Իլհամ Ալիևը, ով ղեկավարում է երկիրը 2003-ից՝ արդեն արդեն ավելի քան 15 տարի: Ընդ որում, «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը տարիներ առաջ փաստել էր՝ Ադրբեջանի հարկային ռեեստրից ջնջվում-անհետանում են իշխող ընտանիքին պատկանող ընկերություններին վերաբերող փաստաթղթերն ու վկայությունները:
Ռուսական հետաքննական նախագիծը այս թեմայի շուրջ հարցեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահական վարչակազմին: Դրանք, սակայն, այդպես էլ մնացել են անպատասխան: