Մատչելիության հղումներ

10 օր էլ չղեկավարած նախագա՞հն էր մեղավոր Արցախի կորստի համար և ոչ Փաշինյա՞նը. Հայկ Մամիջանյան


ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համաձայն չէ քննադատությունների հետ, թե Արցախի վերջին ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանն էր մեղավոր Լեռնային Ղարաբաղի լուծարման, իրադարձությունների նման ընթացքի համար։

«Սամվել Շահրամանյանի պետնախարար նշանակվելուց հետո՝ մի քանի օր՝ մինչև ընտրություն և երդմնակալություն, նախագահ Շահրամանյանին հաջողվել էր տեղում լուծումներ տալ այնպիսի խնդիրներին, որոնք ամիսներ շարունակ չէր հաջողվում լուծել՝ հացի բաշխում և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ըստ Երևանի, Հայաստանի իշխանությունների՝ եթե Արցախում չլիներ իշխանափոխություն, այլ գնային բանակցելու, մասնավորապես Սոֆիայում և Բրատիսլավայում, այս ավարտը չէր լինի։

Հայկ Մամիջանյան. - Այդ ինչպե՞ս է ստացվում, որ օրինակ՝ 44-օրյա պատերազմի ողբերգության համար պատերազմի լոգիստիկա, մոբիլիզացիայի չիրականացնում, ՀՀ ԶՈւ ընդամենը 50 տոկոսի ներգրավում և այլն, համենայն դեպս 44-օրյա պատերազմի աղետալի ելքի պատասխանատուն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նախկիններն են, ավելի ճիշտ՝ աշխարհում բոլորը, բացի իրենից, բայց երբ մենք խոսում ենք Արցախի մասին, Արցախի հանձնման պատասխանատուն ոչ թե, ես ամեն դեպքում պիտի զգույշ լինեմ, որովհետև Արայիկ Հարությունյանը գտնվում է Բաքվում, նեղության մեջ, բայց համենայն դեպս մեղավորը ոչ այլ ոք է, քան այն մարդը, ով տասը օր էլ չկա, որ նախագահել է Արցախում։

«Ազատություն». - Մեկնաբանությունը սա է՝ Արայիկ Հարությունյանը բանակցություններին դեմ չէր, Սամվել Շահրամանյանը…

Հայկ Մամիջանյան. - Եթե հիշենք իրադարձությունների հերթականությունը, ապա կհիշենք, որ Սամվել Շահրամանյանի պետնախարար նշանակվելուց հետո՝ մի քանի օր՝ մինչև ընտրություն և երդմնակալություն, նախագահ Շահրամանյանին հաջողվել էր տեղում լուծումներ տալ այնպիսի խնդիրներին, որոնք ամիսներ շարունակ չէր հաջողվում լուծել՝ հացի բաշխում և այլն։

Ես, ճիշտն ասած, չեմ հիշում, որ նախագահ Շահրամանյանը բացառած լիներ հանդիպումների հավանականությունը։

«Ազատություն». - Արդյոք Դուք այս մասով ընդունո՞ւմ եք, որ սխալվել եք, երբ Շահրամանյանի ընտրությունից հետո ասացիք, որ միայն Ռուսաստանն է, որ չի քննադատել Շահրամանյանի ընտրությունը… և դրանից էլ եզրակացրել էիք, թե Մոսկվան Արցախի հզոր դաշնակիցն է։

Հայկ Մամիջանյան. - Ես այդպես չեմ ասել… Նախ՝ ես ոչ մի ասածիցս ետ չեմ կանգնում, երկրորդ՝ ցանկացած քաղաքական գործիչ որոշումներ և հայտարարություններ անելիս հիմնվում է ինչ-որ փաստերի վրա։ Տեղի ունեցան նախագահի ընտրություններ Արցախում, երդմնակալության արարողությանը արձագանքեցին փաստացի տարածաշրջանի բոլոր գործոնները, պետությունները կամ գործիչները, աշխարհաքաղաքական բոլոր գործիչները, բոլորը՝ բացասական, վերջինը ԱՄՆ պետդեպն էր զուտ ժամային տեսանկյունից, և մի երկիր կար աշխարհաքաղաքական դերակատարներից, որը որևէ արձագանք չէր տվել, որը, կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ այս պարագայում դրական արձագանք է։

Ետին խելքով շատ հեշտ կլինի վերլուծել ցանկացած իրադարձություն, բայց այդ պահի դրությամբ հավանաբար, գուցե, ես սա որպես փաստ չեմ ասում, գուցե դա եղել է ոչ թե իմ թերացումը, այսինքն՝ իմ սխալ ընթերցումը եկող այս կամ այն մեսիջի, այլ դա եղել է կորսված հնարավորություն, գուցե եղել է իրականում հնարավորություն, և այն կորսվել է որևէ դերակատարի, օրինակ՝ պաշտոնական Երևանի կողմից։

XS
SM
MD
LG