Մատչելիության հղումներ

Ավարտվեց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամանեց Իսրայել։ Ութ ժամից քիչ տևած այցի ընթացքում նա Թել-Ավիվում հանդիպեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ հայտնելով ԱՄՆ-ի համերաշխությունը Իսրայելին, դատապարտեց «Համաս»-ի հարձակումը և հավաստիացրեց, որ Վաշինգտոնը Իսրայելին կտրամադրի այն ամենն, ինչ անհրաժեշտ է պաշտպանվելու համար։

«Փաստն այն է, որ Իսրայելը արձագանքում է հարձակումներին։ Ինձ թվում է՝ պետք է շարունակել ապահովել ինչ ձեզ անհրաժեշտ է ինքնապաշտպանվելու համար», - ասել է Բայդենը։

Հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից ներխուժեցին իսրայելական բնակավայրեր՝ փողոցներում սպանելով անմեղ մարդկանց։

Բայդենն ասել է, որ զոհերի թվում 31 ամերիկացի կա։ «Համաս» խմբավորումը նա ավելի վատն է համարել, քան նույնիսկ «Իսլամական պետությունը»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ պետք է նկատի ունենալ՝ «Համաս»-ը ամբողջ պաղեստինյան ժողովրդին չի ներկայացնում և նրան միայն տառապանք է պատճառել։

Իսրայելական կողմը հաղորդում է շուրջ 1400 զոհի մասին, Գազայի հատվածի առողջապահական հաստատությունների փոխանցմամբ՝ իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 3000-ը։

Վերջին ամենամահաբեր միջադեպը երեկ Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունն էր, որի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդներից բացի այնտեղ պատսպարված շատ մարդիկ կային։ «Համաս»-ը պնդում է, որ հիվանդանոցը հրթիռակոծել է Իսրայելը։ Արաբական երկրները, մի շարք մահմեդական երկրներ դրա համար դատապարտել են Իսրայելին։

Գազայի պայթյունն, ըստ ամենայնի, Իսրայելի ձեռքի գործը չէ. Բայդեն

Սակայն Իսրայելի զինվորականները պատասխանատվությունը դնում են զինված խմբավորումների վրա։ Նրանց ասելով՝ հիվանդանոցի վրա ընկած հրթիռը արձակվել է Գազայի հատվածից՝ «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբի կողմից։ Անհաջող արձակված հրթիռի հարվածից ոչնչացվել է հիվանդանոցը։ Դա են ցույց տալիս հետախուզական տվյալները, ռադարների արձանագրած հրթիռների հետագիծը, տեղանքի հետքերի ուսումնասիրությունները։

Հիվանդանոցի միջադեպից հետո Հորդանանը չեղարկել է Ջո Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը, որին պետք է մասնակցեին ԱՄՆ-ի նախագահը, Հորդանանի թագավորը, Եգիպտոսի նախագահն ու պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը։

Իսրայելի վարչապետի հետ հանդիպմանը Բայդենն ասել է, թե հիվանդանոցի պայթյունից վշտացած ու վրդովված է, հավելելով, թե պատասխանատվությունը կարծես թե «ուրիշ թիմի վրա է ընկնում, ոչ ձեր վրա»։

Բենյամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը պարտության կմատնի «Համաս»-ին, նրա խոսքերով, քաղաքակրթության ուժերը կհաղթեն։

Մամուլի ներկայությամբ նրանց հայտարարություններից հետո ԱՄՆ-ի նախագահը X սոցցանցում գրել է, որ Նեթանյահուի հետ հանդիպմանը նրան ծանր հարցեր է տվել, որպես Իսրայելի բարեկամ։ Բայդենը նաև նշել է, որ կշարունակեն հետ պահել ցանկացած դերակատարի, ով «ցանկանում է ընդլայնել այս հակամարտությունը»։

Պուտինի կարծիքով՝ Գազայում պայթյունի դեպքը կարող է ազդանշան լինել հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով գտնվում է Չինաստանում, այնտեղ տեղի ունեցած բրիֆինգում Գազայի հատվածի հիվանդանոցի միջադեպը սարսափելի իրադարձություն է համարել, նաև կարծիք հայտնել, թե կարող է ազդանշան լինել հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու համար։ Նրա խոսքերով՝ պետք է գործը հասցնել ինչ-որ շփումներ ու բանակցություններ սկսելու հնարավորությանը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածի բնակչության մոտավորապես կեսը՝ ավելի քան մեկ միլիոն մարդ, տեղահանվել է իրենց տներից շարժվելով դեպի հարավ, Եգիպտոսի սահմանի մոտ տարածքներ։ Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների խաղաղ բնակչությանը կրկին կոչ են արել դուրս գալ Գազա քաղաքից ու հյուսիսային շրջաններից ու գնալ հարավ, եթե մարդասիրական օգնություն թույլատրվի, այն տրվելու է հարավում։

Հորդանանի թագավորն ասել է, որ վտանգավոր փուլ մտած այս պատերազմը տարածաշրջանը կմղի անասելի աղետի մեջ։

Իրանի արտգործնախարարը մահմեդական երկրներին ոչ է արել իրենց երկրներից վտարել Իսրայելի դեսպաններին ու Իսրայելի համար նավթի էմբարգո սահմանել։

Ամբողջ Մերձավոր Արևելքում բողոքի ցույցեր են Իսրայելի դեմ։

Բայդենի այցելության արդյունքների մասին հաղորդագություններում նաև նշվում է, որ նա խոստացել է 100 միլիոն դոլար լրացուցիչ օգնություն տրամադրել Գազայի հատվածին ու պաղեստինյան Արևմտյան ափին, ինչպես նաև Իսրայելին հորդորել է թույլատրել հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված։

XS
SM
MD
LG