Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» նախագահ Էրսին Թաթարին։
Ըստ Ալիևի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, կողմերը գոհունակությամբ են խոսել «թյուրքական աշխարհի ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև մարդասիրական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության մասին»:
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը «միշտ նպաստել է թյուրքական աշխարհի սերտ միասնությանը և շարունակելու է հավատարիմ լինել միասնության գաղափարներին»։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գործունեությունը Թյուրքական պետությունների կազմակերպությունում՝ դիտորդի կարգավիճակում։ Ընդգծվել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը երկար ժամանակ այդպիսի կարգավիճակ ունի նաև Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններում»,- ասվում է հաղորդագրությունում:
Էրսին Թաթարն, իր հերթին, շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ «Ադրբեջանի ինքնիշխանության լիարժեք ապահովման կապակցությամբ» և շնորհակալություն է հայտնել Բաքվում Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի կազմակերպման համար: Հանդիպման ավարտին Թաթարն Ալիևին հիշարժան նվեր է հանձնել։
Ուշագրավ է, որ հանդիպման սրահում տեղադրված չեն եղել Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» դրոշները, քանի որ դա կվկայեր Բաքվի կողմից այդ կազմավորման պաշտոնական ճանաչման մասին:
«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչվել է միայն Անկարայի կողմից, որը ջանքեր է գործադրում այդ կազմավորման միջազգային ճանաչման համար: Կիպրոսը և ՄԱԿ-ն այն համարում են «գրավված տարածք»: