Մատչելիության հղումներ

Զինծառայող Ժորա Կարապետյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին


Օգոստոսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Ժորա Կարապետյանի հորեղբայրը զարմիկի դին մինչ դիահերձարան տեղափոխվելն է տեսել՝ ճակատին կրակոցի երկու հետք։ Արծրուն Կարապետյանը պատմում է՝ հետո պաշտոնական նախնական վարկածն է լսել, թե եղբոր 18-ամյա տղան ինքնասպան է եղել ու նրան ինքնասպանության հասցնելու կասկածանքով ծառայակիցներն են ձերբակալվել։

Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին։ Հորեղբայրը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է զարմիկը գլխին առաջին կրակոցից հետո երկրորդն արձակել, այն էլ` ինքնաձիգով։

«Եթե մոտիկից լիներ, նախ վերքը ցխած կլիներ ու վառված, իսկ ինքը այրվածք չուներ, մենակ էդ ծակերն էին ու կողքի կարմիրները: Իրան տարան հոսպիտալ ծածկադմփոց անելու, որովհետև էրեխեն էդ ժամանակ արդեն մահացած էր, ըստ դիրքի ավագի ասելու», - նշեց Ժորա Կարապետյանի հորեղբայրը:

Արծրուն Կարապետյանն ասում է՝ դեպքից ժամեր առաջ էին խոսել զինվորի հետ, բարձր տրամադրություն ուներ. «Նույն օրն առավոտյան եմ խոսել, ինքը շատ լավ, շատ ուրախ»:

Հարազատների կասկածները խորացել են, երբ նախաքննության ընթացքում էլ որպես իրավահաջորդ առերեսվել են Ժորայի ծառայակիցների հետ։ Հորեղբայրը պնդում է՝ նրանք մեկը մյուսին հակասող պատմություններ են պատմել. «Զորամասը՝ մեծից փոքր, անգիր գիտեն, որ էդ ինքնասպանություն ա, ինչի համար ա եղել, բայց էսօր իրանք չեն աջակցում»:

Արարատի նույն զորամասում Ժորա Կարապետյանի մահից ժամերի տարբերությամբ մեկ այլ զինծառայող է մահացել՝ կրկին նախնական վարկածով՝ ինքնասպան է եղել։ Ժամկետային Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար արդեն մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի տեղակալին։ Նրան տնային կալանքի տակ էին առել։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բարձրաստիճան սպան զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողություններ է արել` ծառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով։

«Եթե վերադասն իր տեղում լիներ, էսքան բանը չէր լինի, շտաբի պետը մենակ չի լինում շարահրապարակում, բոլորս էլ գիտենք՝ իրա հետ առնվազն 7-8 հոգի սպա ա լինում, չկա՞ր դրանց մեջ մի ադեկվատ, դաստիարակված մարդ, ասեր՝ զորքի դեմն էս ինչ ես անում 18 տարեկան էրեխուն», - նշեց Արծրուն Կարապետյանը:

Իրավապաշտպանները տարիներ շարունակ ահազանգում են՝ բանակում մահվան դեպքերը հիմնականում որպես կանոն սկզբում որակվում են ինքնասպանություն ու իրավապահներն էլ դեպքերի մեծ մասն այդպես էլ չեն բացահայտում, նախնական վարկածն էլ՝ դատավճիռ է դառնում։

Ժորայի հարազատները դեռ սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Բայց կասկածում են, թե ինքնասպանության հասցնելու նախնական վարկածը կարող է փոխվել. «Իրանք գրում են՝ ինքնասպանություն, ում տեր կա, հանում ա, ում չէ՝ չէ»:

Արդյոք քրեական գործերից բացի բանակում պատասխանատու անձինք պատժվել են, Պաշտպանության նախարարությունից հրապարակավ չեն հայտնել։ «Ազատությունը» գերատեսչությունից հետաքրքրվել է, թե մահվան այս դեպքերով քանի՞ բարձրաստիճան զինվորական է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում՝ զրկվելով պաշտոնից կամ պաշտոնի իջեցում ունեցել։ Նախարարությունից մեր հարցմանը դեռ չեն արձագանքել։

Դեռ օգոստոսին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցության ընթացքում խոսել էր բանակում արատավոր բարքերը վերացնելուն ուղղված անհետաձգելի միջոցառումներից, հրահանգել ուսումնասիրել խնդիրները։ Թե ինչ հաջորդեց այս խորհրդակցությանը, հայտնի չէ։ Փաստ է միայն՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը նվազելու փոխարեն ավելացել են։

Տարեսկզբից բանակում ավելի քան 50 զինծառայող է զոհվել ոչ հակառակորդի կրակոցից՝ խաղաղ պայմաններում, վերջին դեպքը ընդամենը մի քանի օր առաջ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ժամկետայինի սպանության կասկածանքով նրա ծառայակիցն է ձերբակալվել: Ընդ որում՝ զինծառայողներից տասը վերջին 3 ամսում են զոհվել։ Սա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ու «Ազատության» ուսումնասիրությամբ։

Տարիների շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները խաղաղ պայմաններում մահերի նման վիճակագրությունն աննախադեպ են որակում ու իրավիճակի համար առաջին հերթին մեղադրում հենց զինված ուժերի ղեկավարությանը՝ բանակում կարգուկանոն չհաստատելու, թույլ վերահսկողության ու լուրջ բարեփոխումներ չիրականացնելու համար։

Զինծառայող Ժորա Կարապետյանի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

XS
SM
MD
LG