Շատ չանցած Բաքվի հավաստիացումներից, թե մտադիր չեն ուժով միջանցք բացել դեպի Նախիջևան, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, իրենք ընդամենը տրանսպորտային կապ են ուզում, Թուրքիայի նախագահը երեկ կրկին հայտարարեց՝ եթե Երևանը հարաբերությունների կարգավորում է ուզում, պետք է միջանցք տա:
«Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ղարաբաղում մեր ադրբեջանցի եղբայրների վճռական ու խիզախ պայքարով ձեռքբերված հաղթանակը։ Հենց այս փորձառությունը հաշվի առնելով՝ Հայաստանի վարչակազմից առաջիկայում ակնկալում ենք խաղաղության, անվտանգության և բարգավաճման վրա հիմնված քաղաքականություն՝ ողջամտությամբ ու արդարությամբ։ Մենք պատրաստ ենք քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նրանք կատարեն իրենց խոստումները, հատկապես Զանգեզուրի միջանցքի բացումը», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Ըստ Ռեջեփ Էրդողանի՝ այս իրողությունը պետք է ընդունի նաև Իրանը, որը պարբերաբար հայտարարում է, թե չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. «Պատմական քայլ, որը ճանապարհ կհարթի քաղաքական և տնտեսական քայլերի համար, որոնք էլ կապահովեն տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն»։
Ընդ որում, Էրդողանն ինքը օրեր առաջ ասում էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցքին, այն կանցնի Իրանի տարածքով։ Ավելին, նախօրեին տրվեց Ադրբեջանից Իրան տանող կամրջի հիմնարկեքը։
Պոլսահայ գործիչ Գարո Փայլանին չի զարմացրել Էրդողանի երեկվա ելույթը. նա համոզված է՝ Թուրքիայի նախագահը ռուս պաշտոնակից Պուտինի հետ համախոհ է այս հարցում՝ ճնշել Հայաստանին:
«Վստահ եմ, որ սցենար կա, և դա Ռուսաստանի հետ է կազմվել: Հիմա սցենարով այս է՝ ավելի ճնշել Հայաստանին, և Ադրբեջանն էլ հիմա ավելի շատ պահանջներ կունենա և կարող է նորից հարձակվել Հայաստանի վրա. Ռուսաստանը չի ուզում այսպես ազատ, ժողովրդավար երկիր», - ասաց պոլսահայ գործիչը:
Փայլանն, ըստ էության, հնչեցնում է նույն մտավախությունը, ինչ վարչապետ Փաշինյանը Անկախության մասին հայտնի ելույթում՝ բաց ընտրություն է անկախության և «ծայրագավառային հնազանդության» միջև:
«Բայց եթե Ռուսաստանի այս սցենարը շահի, Հայաստանը Բելառուսի պես երկիր պետք է լինի Կովկասում: Հիմա Թուրքիան բանալի երկիր է, բայց, դժբախտաբար, Էրդողանը դա չի տեսնում: Եթե Էրդողանը կոնստրակտիվ կողմ գա, այս խաղաղությանը մեկ շաբաթում կարող է լինել, բայց կարծում եմ Պուտինի հետ այնպիսի սցենար, պայմանագիր կա, դրա համար մենք էլ պետք է այդ պայմանագիրը արգելենք: Այսինքն մեծ վտանգ կա, այս վտանգը պետք է միասնաբար ընդունենք», - նշեց Փայլանը:
Բայց միաժամանակ Գարո Փայլանը ավելացնում է՝ Հայաստանը մեն-մենակ է, որևէ մեկը չի օգնելու ու ժամանակն է, որ առերեսվի այս իրականությանը. «Ամերիկան ի՞նչ ասաց, միայն՝ մտահոգ ենք, Եվրամիությունն էլ, աչքերը փակ են, որոհետև մենք շատ շահ չունենք, և ավելի շատ Ադրբեջանն ունի՝ գազը, էներգիան: Խաղաղությանը մեզ համար է անհրաժեշտություն, Ադրբեջանի համար չէ»:
Հնարավոր միջանցքին վերջին անգամ պաշտոնական Երևանն անդրադարձել է Գրանադայի հայտարարությամբ, երբ Փաշինյանը Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի առաջնորդների հետ, բայց առանց Ալիևի, հորդորեց բացել տարածաշրջանային կապերը՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա։
Ստորև՝ «Ազատության» հարցազրույցը ԳԱոր Փայլանի հետ.