Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԽ քարտուղար․ Խաղաղության պայմանագրի ստորագրումը ավելի շատ Հայաստանին է պետք


Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբով, արխիվ
Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբով, արխիվ

Բաքուն կրկին սպառնում է Երևանին․ որքան ուշանա հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հայաստանն է՛լ ավելի մեծ կորուստներ կկրի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը իր հեղինակած հոդվածում, որը հրապարակվել է ադրբեջանական պաշտոնական մամուլում։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման յուրաքանչյուր բաց թողնված օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների», - պնդում է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանը փլուզման եզրին է, աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը համարվող Ադրբեջանի ներկայացուցիչն ասում է՝ այդ է վկայում նաև Հայաստանի «պետական ապարատի կոռումպացվածությունը»։

«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական հակամարտությունը, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն անդառնալի և վերջնական փլուզման եզրին է», - գրում է ադրբեջանցի պաշտոնյան։ Հուսադրող միակ երևույթը, որն առանձնացնում է Ուսուբովը, «երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հայ հասարակության կոչերն են»։

Ալիևի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի համոզմամբ՝ Հայաստանն, այնուամենայնիվ, կձգտի հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Ուսուբովը կարծում է՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացն ավարտին հասցնելը, խաղաղության պայմանագրի ստորագրումը ավելի շատ Հայաստանին է պետք։ Հավելում է՝ Ադրբեջանն արդեն ամբողջությամբ ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, վերահսկողության տակ վերցրել իր սահմանները։
«Մեր սահմանները լիակատար վերահսկողության տակ են, ռազմավարական դիրքերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը, գտնվում են մեր զինվորականների լիակատար վերահսկողության ներքո», - ընդգծում է Ուսուբովը։

Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարի պնդմամբ՝ այժմ Բաքուն ոչ միայն Հայաստանին է պատմական հնարավորություն ընձեռում, այլ նաև ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման հետևանքով իրենց տներից տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ՝ Բաքվի առաջարկած ինտեգրացիայի պլանն ու ադրբեջանական անձնագիրը բացառիկ հնարավորություն է Ղարաբաղի հայերի համար։

Լեռնային Ղարաբաղը որակելով «գորշ գոտի»՝ Ուսուբովն ասում է «անջատողական ռեժիմը լիովին ջախջախված է»՝ այդ գործում հատուկ շեշտելով ադրբեջանական բանակի, ադրբեջանական «երկաթյա բռունցքի» դերը։

Անդրադառնալով ադրբեջանական բանտերում գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին՝ Ուսուբովը մի կողմից պնդում է, թե նրանց նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, միաժամանակ հայտարարում , թե նրանք քրեական պատասխանատվության են ենթարկվել, նաև խախտելով անմեղության կանխավարկածը՝ նրանց անվանում «արկածախնդիր առաջնորդներ»։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ ձևավորում է անվտանգության նոր համակարգ ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար», - իր հեղինակած հոդվածում հայտարարում է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը և շեշտում՝ Ալիևը նաև տարածաշրջանի համար «նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական քարտեզ է ձևավորում»։

Ռամիլ Ուսուբովի պատկերացմամբ՝ այժմ «խաղաղություն և անվտանգություն է տիրելու Կովկասյան տարածաշրջանում, որն իր հերթին մեծացնելու է տնտեսական, առևտրային ներուժը»։ Այդ հեռանկարին, Ուսուբովի կարծիքով, կնպաստի Բաքվի և Անկարայի պահանջած «Զանգեզուրի միջանցքը», որի բացումը լրացուցիչը խթան կհանդիսանա ամբողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին, հայտարարում է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

XS
SM
MD
LG